Անկարայի դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում, որը մեղադրվում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու համար, 103 ուսուցչի ձերբակալելու հրաման է արձակել, հաղորդում է Sabah թերթը։
Թերթի տվյալներով երկրի իշխանությունները հրաման են արձակել նաև ձերբակալելու ևս 37 քաղաքացու, որոնք կասկածվում են Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որին հաջորդել են ձերբակալություններ երկրի զինված ուժերում և մի շարք այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:












































