Պաշտոնապես լիազորությունները ստանձնած Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկրի հետ փոխգործակցելու միակ միջոցը երկխոսությունն է, այլ ոչ թե պատժամիջոցները՝ փոխանցում է France Presse գործակալությունը:
«Պատժամիջոցներն ու պատերազմի սպառնալիքը չեն ստիպի իրանցի ժողովրդին ընկրկել: Իրանի հետ փոխգործակցելու միակ միջոցը հավասար պայմաններով երկխոսությունն է, փոխադարձ հարգանքը՝ թշնամությունը նվազեցնելու համար»,- ասել է նա:
ԱՄՆ-ը, Արևմուտքի մի շարք այլ երկրներ ու Իսրայելը կասկածում են Իրանին խաղաղ ատոմի քողի ներքո միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը: Իսլամական Հանրապետության դեմ բազմիցս կիրառվել են պատժամիջոցներ ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից:











































