The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են այն բանից հետո, ինչ Կահիրեն ՄԱԿ-ի ԱԽ-ում անցկացված քվեարկության ժամանակ աջակցել է Սիրիայի վերաբերյալ ռուսական բանաձևին։
Խոսքը հոկտեմբերի 9-ի քվեարկության մասին է։ Այն ժամանակ ռուսական նախագծի օգտին Եգիպտոսից բացի, կողմ են քվեարկել Չինաստանը, Վենեսուելան և հենց Ռուսաստանը։
Սաուդյան Արաբիան, որը Եգիպտոսի տնտեսությունում ներդրել է ավելի քան 25 միլիարդ դոլար և հանդիսանում է առանցքային ներդրող, բաց կերպով հայտնել է իր դժգոհությունը։
Քվեարկությունից քիչ անց Սաուդյան Արաբիայի դեսպանը երեք օրով հետ կանչվեց հայրենիք, իսկ սաուդյան Aramco պետական ընկերությունը հետաձգել է 700.000 տոննա նավթի բեռնումը, որը ծրագրված էր Եգիպտոսին վաճառել զեղչով։
Սաուդյան ԶԼՄ-ներում քննադատական արշավ է ծավալվել Եգիպտոսի և անձամբ նրա նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հասցեին։
ԻՀԿ ղեկավար, սաուդցի Իյադ իբն Ամին Մադանին վիրավորեց Եգիպտոսի նախագահին։ Սակայն այն բանից հետո, ինչ Եգիպտոսի ԱԳՆ-ը բողոք հայտնեց և խոստացավ վերանայել ԻՀԿ-ի հետ իր հարաբերությունները, Մադանին հոկտեմբերի 30-ին հրաժարական տվեց «առողջական վիճակի» պատճառով։








































