Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մարզական նորակառույց համալիրի բացմանը: Այդ միջոցառմանը լրագրողներին բնականաբար չի տրվել Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ ահա Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մի քանի հարցերի, այդ թվում՝ կրկին խոսելու իր քաղաքականություն վերադարձի մասին՝ ասելով, որ պետք է խնդրեն, որպեսզի ինքը մտնի նման ծանրության տակ:
Գագիկ Ծառուկյանը քիչ է համարում այն միջոցառումը, որ ԲՀԿ-ն կազմակերպել էր նրա տան դիմաց: ԲՀԿ նախկին նախագահի պատասխանում սակայն ուշագրավ երանգներ կարելի է նկատել: Ծառուկյանը խոսում է ծանրության տակ մտնելու մասին, թեեւ նրա պարագայում կարծեք թե քաղաքականությունն այնքան էլ ծանրություն չէ:
Անկախ նրա հանդեպ այս կամ այն հանրային շերտի վերաբերմունքից, անկախ նրա ընդհանրապես քաղաքական որակներից, հստակ է մի բան, որ Ծառուկյանը ունի մեծ ժողովրդականություն եւ այս պայմաններում ասել, որ մտնելով քաղաքականություն նա ծանրության տակ է մտնում, երեւի թե այնքան էլ իրականություն չի լինի: Սակայն, մյուս կողմից, Գագիկ Ծառուկյանը իր քաղաքականության մեջ եղած տարիներին ըստ էության ապահովել է ՀՀԿ-ի թիկունքը, այսինքն՝ նա իսկապես ծանր գործ է արել՝ իր վրա վերցնելով հասարակությունից ՀՀԿ-ի, այսպես ասած, անվտանգությունը:
Ահա այս տեսանկյունից քաղաքականությունը Ծառուկյանի համար իրապես ծանրություն է, քանի որ իսկապես շատ բարդ է հասարակությունից պաշտպանել մի ուժ, որը պարզապես կողոպտում է այդ հասարակությանը: Իսկ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու դեպքում այլընտրանք չունի՝ նա կամ պետք է կրկին կատարի այդ գործը՝ կամա թե ակամա, կամ էլ կրկին պետք է իրավիճակը հասնի արյունահեղության, ինչին նա հայտարարել է, որ դեմ է: Եվ քանի որ նա դեմ է արյունահեղությանը, ապա մի անգամ դրանից խուսափելու համար հեռանալով քաղաքականությունից, հազիվ թե երկրորդ անգամ վերադառնա դրա համար:
Եվ ուրեմն, պետք է եզրակացնել, որ եթե նա վերադառնա, ապա իշխանության եւ հասարակության միջեւ կանգնելու եւ այդպիսով իշխանության պաշտպանիչ շերտ դառնալու համար, ինչպես եղել է նախկին երկու համապետական ընտրություններում: Ահա այս համատեքստում է երեւի թե, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադարձի պայման է դնում խնդրելը: Նա անկասկած նկատի չունի ազգովի խնդրելը կամ հասարակության խնդրանքը:
Գագիկ Ծառուկյանն ըստ ամենայնի ակնարկում է, որ ՀՀԿ-ն պետք է խնդրի, որպեսզի ինքը վերադառնա քաղաքականություն եւ իր վրա վերցնի այն հասարակական դժգոհությունը լիցքաթափելու գործը, որը իր կողոպուտի հետեւաքնով առաջացրել է ՀՀԿ-ն: Իսկ դրա կարիքը ՀՀԿ-ն շատ ունի, այլապես Հանրապետականը հայտնվել է հասարակության հանդեպ լիակատար սնանկության վիճակում:
Իհարկե պարզ չէ՝ Ծառուկյանին բավական կլինի միայն ՀՀԿ-ի խնդրանքը, թե նա ունի պայմաններ, որ կդնի ՀՀԿ առաջ այդ խնդրանքից հետո:









































