Երևանի քաղաքապետարանի կենտրոնական մուտքի մոտ շարունակվում է «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամների նստացույցը: Ուստի երիտասարդ ակտիվիստները որոշել են
ֆլեշ-մոբի միջոցով թև ու թիկունք լինել նստացույց հայտարարած իրենց ընկերներին:
Այս պահին Ազատության հրապարակի հարող տարածքից մեկնարկեց ֆլեշ-մոբ ակցիան, որի նպատակն է աջակցել քաղաքապետարանի մոտ արդեն ութ օր նստացույց անող քաղաքացիական ակտիվիստներին: Ֆլեշ-մոբի նպատակն է ցույց տալ, որ հասարակական տրանսպորտի գնի բարձրացման կասեցումից հետո պայքարը շարունակվում է:
Քաղաքացիական ակտիվիստ Նարի Հակոբյանի խոսքով՝ դա ինքնաբուխ, միասնական և ապակենտրոն շարժում է, և կոչ արեց շարժման հետևում որևէ մեկին չտեսնել: Ակտիվիստները դրել են արժանապատիվ տրանսպորտ ունենալու խնդիր և 9 կետից բաղկացած պահանջ՝ ասելով, որ միահամուռ պայքարելու են մինչև վերջ:
Քաղաքացիական ակտիվիստ Արսեն Սաֆարյանը նշեց, որ սա արդեն 100 պլյուսի պայքար է՝ հանուն տեսակի փոփոխության, պահանջատիրության, արժանապատիվ կյանքի: Նա նշեց, որ 100 պլյուսի գաղափարական հենքն է կարևոր՝ ունենալ ազատ և ինտելեկտուալ քաղաքացիներ, և պարտադիր չէ պայքարել ակցիաների միջոցով, կարևոր է, որ այս պայքարը կա մեր ներսում:
Այս պահին քաղաքացիները Մաշտոցի պողոտայով շարժվում են քաղաքապետարան՝ համաքաղաքացիներին բաժանելով թռուցիկներ. «Մենք միասին կարող ենք ավելին, միասնական ապակենտրոնացված ֆլեշ-մոբ Երևանը մենք ենք, տեր լինենք մեր քաղաքին, տեր լինենք մեր տրանսպորտին, միասնական մենք կարող ենք, միասնական մենք ուժեղ ենք»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































