Մայիսի 21-ը Հայաստանում Եվրոպայի օրն է։ Այս առթիվ Երևանում այսօր անցկացվելու են բազում միջոցառումներ՝ տոնելու ԵՄ-Հայաստան փոխհամագործակցությունը և ծանոթանալու եվրոպական մշակույթի բազմազանությանը։ Տոնակատարության շրջանակներում նախատեսված է տեղեկատվական ցուցահանդես Սիրահարների այգում՝ ժամը 16.00-ին։ Այս միջոցառման ընթացքում կանցկացվի հունական և շոտլանդական պարի դասընթաց, կսովորեցնեն պատրաստել լեհական wycinanki, կցուցադրվի ֆրանսիական բեմադրություն և այլն:
Ժամը 20.00-ից Սիրահարների այգում կհնչի եվրոպական ժողովուրդներին միավորող երաժշտություն, որը կներկայացնեն հայ և եվրոպացի DJ-ները՝ օգտագործելով նաև ազգային ժողգործիքներ։
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը տոնի առթիվ անցկացնում է նաև «Իմ Եվրոպան 120 վայրկյանում» խորագրով տեսահոլովակների երիտասարդական մրցույթ։
Հիշեցնենք, որ «Եվրոպայի օրը» նշվում է եվրոպական երկրներում 1985թ.-ից, երբ Միլանի գագաթնաժողովում ԵՄ լիդերները առաջարկեցին մայիսի 9-ը տոնել որպես Եվրոպայի օր։ Օրվա ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ 1950թ. մայիսի 9-ին է առաջին անգամ առաջարկվել ստեղծել բոլոր եվրոպական երկրներին միավորող միություն։










































