Միջազգային հետախուզում է հայտարարվել հեղինակավոր գործարար Կոնստանտին Մանուկյանի նկատմամբ, ով «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի (Զախարի Կալաշով) «աջ ձեռքն է»։ Այս մասին հաղորդում է Rosbalt-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Գործակալության փոխանցմամբ՝ Մանուկյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Օպերատիվ տվյալներով՝ նա այժմ թաքնվում է Հայաստանի տարածքում։ Աղբյուրի խոսքով՝ Մանուկյանի նկատմամբ ձեռնարկված միջոցառումները ուղիղ կապ ունեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից անցկացվող հետաքննության հետ (ՌԴ քրեական օրենսգրքի 210 հոդված՝ հանցավոր խմբավորման կազմակերպում), որի գլխավոր ֆիգուրանտը Զախարի Կալաշովն է։
Տեղեկատվության համաձայն՝ Կոնստանտին Մանուկյանը խմբավորման մեջ պատասխանատու է եղել ֆինանսական գործերի համար։ Մանուկյանը երկար տարիներ է, ինչ գտնվում է հետախուզության մեջ, այդ թվում Ինտերպոլի գծով, քանի որ Իսպանիայում մեղադրվում է փողերի լվացման համար։
Հիշեցնենք, որ Կալաշովը համարվում է ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդներից մեկը: Երեք տարի առաջ նա զբաղեցրել է սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի տեղը։










































