Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հոկտեմբերի 19-ին հանդիպելու են Պրահայում։
Աբաշիձեն Թբիլիսիից Պրահա մեկնելուց առաջ հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են առևտրի, տնտեսության, տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև մշակույթի հարցերում երկկողմ համագործակցության զարգացման հարցը։
Դիվանագետը մանրամասնել է, որ օրակարգում կարող է լինել նաև Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի մեղմացման հարցը։ Աբաշիձեն նկատել է, որ ոչ վաղ անցյալում Ռուսաստանում հայտարարություններ են արվել այդ թեմայով։
Աբաշիձեի խոսքերով՝ Պրահայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են նաև Վրաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի ու էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները։









































