Չնայած Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավմանը՝ Պուտինը չէր մեկնի Ստամբում, եթե սեղանին դրված լինի «Թուրքական հոսքի» ճակատագիրը:
Գազը երկար ժամանակ այն ամուր թելն էր, որ 1986-ից ի վեր կապում էր Մոսկվային և Անկարային: Այժմ նրանց կապն ավելի է ամրացել շնորհիվ ԱՄՆ-ի հանդեպ նրանց անբարյացակամ վերաբերմունքի:
Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Գյուլենին հովանավորելու համար, բացի դրանից՝ Թուրքիային նաև բարկացրել է վերջերս ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Հիլարի Քլինթոնի այն հայտարարությունը, որ Ամերիկան պետք է զենք մատակարարի սիրիացի քրդերին:
«Թուրքական հոսքը» կարող է մերձեցնել Ռուսաստանին և Թուրքիային, սակայն չի դառնա այն գործոնը, որ կփոխի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն առնչվող իրավիճակը: Բանն այն է, որ մենք ապրում ենք ածխաջրածինների ավելցուկի դարաշրջանում: Այժմ բավականին մեծ ծավալով գազ է արդյունահանվում, և գազի գինը անկում է արձանագրում նույնիսկ այն շուկաներում, որտեղ Ռուսաստանը մենատեր է: Նույնիսկ եվրոպական շուկաներն ավելի ճկուն և փոխկապակցված դարձնելու մասին ԵՄ-ում ռեֆորմների բացակայության դեպքում իշխանությունը մատակարարից անցել է սպառողին:
Թուրքիայով Եվրոպա ձգվող ռուսական նոր գազատարը, եթե նույնիսկ այն կառուցվի, կարող է թվալ աշխարհաքաղաքական հանճարի գլխավոր ձեռքբերումը, սակայն իրականում թանկ արժեցող նախագիծ է, որի տնտեսական շահութաբերությունը, մեղմ ասած, կասկածելի է:
«Թուրքական հոսքի» ենթադրյալ խորացումը Եվրոպա պետք է բաց լինի ոչ միայն «Գազպրոմի», այլև ուրիշ մատակարարների համար: Այլ խոսքով՝ Ռուսաստանը վերջնարդյունքում հովանավորելու է իր մրցակիցներին և զեղչեր է տրամադրելու տարանցիկ երկրներին, որպեսզի չկորցնի նրանց աջակցությունը: Սակայն այդ հարցերի քննարկումը կսկսվի հաջորդ տասնամյակում, իսկ առայժմ պետք է սպասել և հետևել, թե ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները:









































