ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի փոխնախագահ, ՌԴ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոյին:
«Այսօր մեր որդեգրած քաղաքականության առաջնահերթ ոլորտը մասսայական սպորտն է, որի տարածման և զարգացման ուղղությամբ սկսել ենք իրականացնել բազմաճյուղ ծրագրեր: Վոյելբոլը մեծ մասսայականություն է վայելում ողջ աշխարհում: Անձամբ ես հետևում եմ ՌԴ առաջնություններին և կարող եմ ասել, որ ռուսական փորձի ուսումնասիրությունը և դրա կիրառումը հնարավորություն կտան վոլեյբոլի ավելի շատ մասսայականացմանը մեր երկրում»,- ասել է նախարարը:
Ռոստոմյանի նախաձեռնությամբ կողմերն անդրադարձել են վոյելբոլի հայկական թիմերի ՌԴ առաջնությանը մասնակցելու հնարավոր տարբերակներին:
«Սրա օրինակը մենք ունենք բասկետբոլում: Մեր «Ուրարտուն» մասնակցում է Ռուսաստանի սուպերլիգայի խաղերին, և դա նպաստում է մեր բասկետբոլիստների փորձառության բարձրացմանը: Եթե ռուսական առաջնությունում մասնակցելու հնարավորության լինի պատանի հայ վոյելբոլիստների համար, ապա դա կնշանակի, որ վաղը մենք կունենանք ավելի փորձառու մարզիկներ: Այս համագործակցության համար կան անհրաժեշտ նախապայմաններ՝ ընդհուպ երկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեների միջև կնքված համագործակցության պայմանագիրը»,- ասել է նախարարը:
Ստանիսլավ Շևչենկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրոպայի վոյելբոլի կոնֆեդերացիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի վոյելբոլի ֆեդերացիայի հետ և աջակցելու է կազմակերպելու միջազգային մրցաշարեր:
«Անպայման անձամբ այցելելու եմ Երևան՝ Երևանի բաց մրցաշարին («Yerevan Open») ներկա գտնվելու համար: Չեմ բացառում, որ Երևան կժամանի նաև Եվրոպայի վոյելբոլի կոնֆեդերացիայի նախագահը»,- ասել է հյուրը:








































