Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2016 թվականի վերջին կամ 2017 թվականի սկզբին։
Նրա խոսքերով՝ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է տվյալ ժամանակահատվածում նախապատրաստել այդ նիստի անցկացումը։
Էրդողանն ընդգծել է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագիրը հնարավորություն կտա արագացնել նախագծի իրագործումը։
Էրդողանը հավելել է, որ կողմերը նաև պայմանավորվել են Աքքույուի ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու շուրջ։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ իրենց կհաջողվի շտկել Աքքույուի ատոմակայանի կառուցման հարցում բաց թողած ժամանակը՝ կապված երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման հետ։
Էրդողանի խոսքերով՝ ներկա դրությամբ Ռուսաստանում պատրաստություն է անցնում ավելի քան 200 երիտասարդ ապագա թուրք մասնագետ՝ կապված Աքքույուի ատոմակայանի կառուցման հետ։











































