Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը շարունակում է առաջատար մնալ վրացական գինի ներկրողների թվում: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանն այդ երկիր է ուղարկել մոտ 17.1 միլիոն շիշ գինի, ինչը 36 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Վրաստանն ընդհանուր առմամբ այս տարվա առաջին 9 ամիսներին արտահանել է ավելի քան 32.4 միլիոն շիշի (0.75 լիտր) գինի, ինչը 35 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին նշված է Վրաստանի Գինու ազգային գործակալության տարածած հայտարարության մեջ: Ըստ այդմ՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին վրացական գինին արտահանվել է աշխարհի 50 երկրներ՝ 74.6 միլիոն դոլար արժողությամբ, ինչը 12 տոկոսով ավելի է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Արտահանման շուկաների թվում երկրորդ տեղում Չինաստանն է՝ 3.9 միլիոն շիշ վրացական գինի: Այս երկիր աճը կազմել է 154 տոկոս: Երրորդ տեղում Ուկրաինան է՝ ավելի քան 3.4 միլիոն շիշ գինի:









































