ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը արգելափակել է Ֆրանսիայի կողմից առաջարկված Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ հաստատելու բանաձևը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Փաստաթուղթը ստացել է 11 «կողմ» ձայն, 2 «դեմ», Խորհրդի ևս 2 անդամ ձեռնպահ են մնացել: Այդպիսով՝ Ռուսաստանը, որը ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամներից մեկն է, կիրառել է վետոյի իրավունքը:
«Բանաձևի նախագիծը չի ընդունվում, քանի որ դրա դեմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամը»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ռուսաստանը նախագահում է ՄԱԿ ԱԽ-ն հոկտեմբերին:
Ֆրանսիայի կողմից առաջարկվող բանաձևի նախագծով «բոլոր կողմերից պահանջվում է անմիջապես դադարեցնել օդային ռմբակոծությունը և ռազմական թռիչքները Հալեպ քաղաքի վրայով»:
Փաստաթուղթը «կոչ է անում հրադադարի ռեժիմի անհապաղ իրականացում և անվտանգ, անարգել մարդասիրական օգնության հասանելիություն ողջ Սիրիայով»:







































