ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին փորձել են թունավորել: Այդ մասին հայտնել է Iraqi Media News Agency-ն՝ հղում անելով Նայնավա նահանգում իր աղբյուրին:
Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում է գտնվում ԴԱԻՇ-ի գլխավոր պատվարը՝ 2014 թվականին գրավված Մոսուլ քաղաքը:
«Հետախուզության տվյալներ են ստացվել առ այն, որ ԴԱԻՇ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ու ևս երեք առաջատար հրամանատարներ թունավորվել են նրանց կերակրին խառնած թույնից»,-նշել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսուլից հարավ-արևմուտք ընկած շրջանում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: «ԴԱԻՇ-ը ձերբակալություններ է սկսել այն շրջանում, որտեղ գտնվել է ալ Բաղդադին»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ զինյալները «տառապում են ծանր թունավորումից», նրանց անհայտ վայր են տեղափոխել:
Iraqi Media News Agency-ի զրուցակիցը հավելել է, որ ալ Բաղդադիի տեղաշարժը հայտնի է միայն մերձավոր շրջապատին, ԴԱԻՇ-ի պարագլուխը մշտապես փոխում է իր գտնվելու վայրը Իրաքում և Սիրիայում:








































