Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երիտասարդական թևի ներկայացուցիչների առջև, հայտարարել է՝ «մենք թույլ չենք տա, որ մոռացության տրվի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը»:
Յըլդըրըմն ընդգծել է, որ վերջին օրերին Թուրքիայում խոսակցություններ են շրջանառվում հեղաշրջման նոր փորձի հնարավորության մասին. «Մի շարք անձինք պնդում են, որ վերստին կձեռնարկեն իշխանության զավթման փորձ երկրում: Ինչպես կգան, այնպես էլ կգնան ձեռնունայն»:
Յըլդըրըմը անդրադարձել է նաև երկրում գյուլենականների դեմ պայքարին. «Այն մարդիկ, որոնք մասնակից չեն ահաբեկչական հոսանքին, չեն առնչվի տվյալ գործընթացին: Մենք առաջնորդվում ենք ոչ թե վրեժխնդրության զգացումով, այլ արդարություն ապահովելու ցանկությամբ: Մենք այդ մասին հայտարարել ենք նաև ավելի վաղ»:
Յըլդըրըմը չի բացառել, որ այդ գործընթացում հնարավոր են նաև սխալներ. «Սակայն թող ոչ ոք մեզանից չսպասի, թե մենք անգործության կմատնվենք՝ վախենալով սխալներ գործելուց»:









































