ՏԻՄ ընտրությունների նշանակության, առավելապես 2017թ. համապետական խորհրդարանական ընտրություններից առաջ դրանց կարևորության մասին «Առաջին լրատվական»- ը զրուցեց ՄԱՀՀԻ-ի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:
«Այս ՏԻՄ ընտրությունները կարևոր են, քանի որ նախորդում են խորհրդարանական ընտրություններին, կարևոր են քաղաքական կյանքի և առաջիկա վերադասավորումների առումով, դաշտում ի հայտ են գալու նոր լիդերներ, նոր սուբյեկտներ… Թե որքանով կհաջողեն, ցույց կտան ընտրությունները»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ այս ընտրություններում տեղի է ունենում նոր մոդելի ներդրում: Նախկին մոդելը հետևյալն էր՝ հաղթողը վերցնում է ամեն ինչ: «Այժմ այդպես չէ, այսինքն՝ պարտություն դեռևս չի նշանակում կատարյալ պարտություն, և սա ավելի լավ մոդել է»:
Աննախադեպ մասնակցություն է ցուցաբերվում ՏԻՄ ընտրություններին և քաղաքականացվում են այս ընտրությունները, բայց մյուս կողմից՝ բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցները գործի դրվեցին: Անդրադառնալով այս դիտարկմանը, Ս. Սաֆարյանը նշեց, որ սա կախված է նրանից, թե ովքեր են կարևորում ընտրությունները. «ՏԻՄ ընտրությունները ամենաշատը կարևորում է ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն կառուցել է ընտրակեղծիքների իմպերիա, որը ղեկավարվում էր Հովիկ Աբրահամյանի կողմից: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ նաև ընդդիմադիր ուժերն են սկսել հասկանալ, թե որքան կարևոր են ՏԻՄ ընտրությունները, ինչը դիսկուրս է առաջացրել: Մենք տեսնում ենք դիմադրություն ավանդական դերակատարների և կրիմինալի կողմից, (ի դեմս կրակոցների), ովքեր սովոր չէին քաղաքական մրցակցության, քաղաքական բանավեճին և այժմ էլ հասկանում են, որ իրենք քաղաքական բանավեճի հետ քիչ առնչություններ ունեն, իրենց միակ զենքը մնում է կրակելը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































