NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում սիրիական ու ռուսական ինքնաթիռների թռիչքների դադարեցումը ձեռնտու կլինի ԴԱԻՇ ու «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին:
«Մենք պետք է նրանց պահենք ճնշման տակ: Եթե մենք մեր ինքնաթիռները թողնենք գետնին, ապա դա 100 տոկոսով ձեռնտու կլինի նրանց (ահաբեկիչներին)»,- ասել է Ռուհանին:
Խոսելով Սիրիայի հակամարտության մասին՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ ճգնաժամը չունի ռազմական լուծում և պետք է լուծվի քաղաքական մեթոդների օգնությամբ:
Նա ընդգծել է, որ Սիրիայի ապագան պետք է ընտրատեղամասերում վճռի նրա ժողովուրդը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանից ու Սիրիայից պահանջել է դադարեցնել Սիրիայի հյուսիսում ինքնաթիռների թռիչքները այն բանից հետո, երբ հարվածի տակ ընկավ մարդասիրական օգնությամբ շարասյունը:









































