«25 տարում հայկական պետությունը պետք է լիներ օրինակելի, զարգացած, ինքնաբավ, երջանիկ քաղաքացիների հայրենիք, բայց այդպես չէ. մեր հայրենիքում կան շատ լուրջ պրոբլեմներ՝ սոցիալական, արտագաղթի, կա թշվառություն, աղքատություն, որը մեր անկախ պետության պատմության սև էջերից մեկն է լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ իհարկե, կան նաև նվաճումներ. «Անկախ պետությունը դա արդեն նվաճում է: Որոշ իմաստով նաև մեր պետությունը կայուն է և անվտանգ, ինչը ես համարում եմ մեծ նվաճում»:
«Բարեբախտաբար, կարող ենք ասել, որ հայ ժողովուրդը քննությունը բռնեց. պետության շրջափակման, հալածանքների պայմաններում մենք կարողացանք պահպանել մեր հայրենիքը: 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո կարծես հայկական պետության փլուզման ստարտը տրվել էր, բայց ապրիլի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք մեր հայրենիքը, ազատությունը շատ ենք սիրում, մենք անձնազոհ ժողովուրդ ենք: Դրանում համոզվեցինք և՛ մենք, և՛ աշխարհը: Այսինքն՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական պետությունը նվաճելու համար պետք է գենոցիդ կազմակերպվի»,- ասաց Ազատ Արշակյանը՝ հավելելով. քանի դեռ կա մեկ հայ, նա դիմադրելու է՝ հանուն իր հայրենիքի, հանուն իր ազատության:
Մեր զրուցակցի կարծիքով՝ օրակարգը փոխվել է՝ հայկական պետությունը ծնկի բերելու քաղաքականություն այլևս չի վարվի, «որովհետև ծնկի չի գա հայ ժողովուրդը, մեր պետությունը մենք չենք հանձնի: Այժմ արդեն նրանք հետ են քաշվում և ցանկանում են Հայաստանը տեսնել որպես գործընկեր, ոչ թե որպես վասալ, անկենսունակ, նպաստառու»:
Ազատ Արշակյանը վստահ է, որ այսուհետ մեր օրակարգը ևս կփոխվի՝ մեր օրակարգը կդառնա անկախ, բարգավաճ պետության կառուցումը. «Հույս ունեմ, որ ԱԺ ընտրություններից հետո այդ ապազգային, եվրասիական ստոր խավը կհեռանա քաղաքական ասպարեզից»:
«Մեր հայրենիքին ծառայում է միայն ժողովուրդը, պաշտոն ունեցողներն էլ պե՛տք է ծառայեն. նրանք տեր չե՛ն»,- եզրափակեց Ազատ Արշակյանը:









































