ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի Բոլոնիա քաղաքի դատախազությունը խնդրել է արխիվ ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալի դեմ հարուցված գործը:
Քննիչների եզրակացության մեջ նշված է, որ չի հաջողվել հայտնաբերել ենթադրյալ մեղավորության մասին ապացույցներ: Բացի այդ, չի հաջողվել լսել ամբաստանյալի ցուցմունքները:
Արխիվացման մասին վերջնական որոշումը ընդունում է դատավորը: Գործն արխիվ ուղարկելու հարցում նրա համաձայնության դեպքում այն ըստ էության փակվում է, սակայն որոշակի պայմաններում, ասենք՝ նոր փաստերի ի հայտ գալու դեպքում, կարող է վերաբացվել:
Տվյալ գործը հարուցվել է մեկ տարուց էլ պակաս ժամանակ առաջ Բոլոնիայում, որտեղ Բիլալ Էրդողանը ընտանիքի հետ ժամանել էր՝ ավարտելու համար իր ատենախոսությունը: Նրան կասկածում էին փողերի լվացման մեջ:










































