Իրանական IRINN հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Թեհրանում «Սրբազան պաշտպանության շաբաթվա» շրջանակներում այսօր անցկացվել են զորահանդեսներ:
Զորահանդեսներին մասնակցել են իրանական բանակի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահակազորը: Թեհրանում զորահանդեսն անցկացվել է Իրանի նախկին գերագույն առաջնորդ, այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի առջև:
Ընդգծվում է, որ Իրանի նախագահը սովորաբար մասնակցում է Թեհրանում այդ միջոցառմանը և ելույթ է ունենում, սակայն այս տարի Հասան Ռուհանին չի մասնակցել Թեհրանի զորահանդեսին, քանի որ գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու համար:
Իրանա-իրաքյան 8-ամյա պատերազմը մեկնարկել է 1980 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ իրաքյան բանակը մտավ իրանական Խուզեստան նահանգ: Պատերազմն ավարտվեց 1988 թվականի օգոստոսի 20-ին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ:









































