Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերանայի Մադրիդյան սկզբունքների մի շարք դրույթներ: Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ պետք է վերանայել այն փոխզիջումները, որ առկա էին Մադրիդյան սկզբունքներում: Ըստ էության, պաշտոնական Երևանը հնչեցնում է աննախադեպ հայտարարություն՝ վերանայել Մադրիդյան սկզբունքները: Հատկանշական է, որ հայտարարությունը հնչում է կառավարության փոփոխության ժամանակաշրջանում, երբ խոսվում է նաև այդ գործընթացում արտաքին գործերի նախարարի փոփոխության մասին:
Արդյո՞ք պատահական է, որ պաշտոնական Երևանը թեկուզ փոխարտգործնախարարի մակարդակով, այդուամենայնիվ հենց այժմ բարձրաձայնում է Մադրիդյան սկզբունքները վերանայելու մասին, երբ հիմքը, որի վրա Շավարշ Քոչարյանը կառուցում է այդ վերանայման մոտիվը՝ ապրիլյան պատերազմն ու Ադրբեջանի հետագա անզիջում պահվածքը, կար վաղուց, արդեն մի քանի ամիս: Եվ այն, որ պաշտոնական Երևանն այդ մասին բարձրաձայնում է հենց այժմ, հուշում է, որ Հայաստանի իշխանական համակարգում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չեն սահմանափակվում միայն գործադիր իշխանության շրջանակներում և կարող են ենթադրել պետական քաղաքականության լայն վերանայում: Համենայն դեպս, Շավարշ Քոչարյանի հայտարարության զուգորդումը կառավարության փոփոխության այդ գործընթացին, վկայում է, որ Երևանն առնվազն դիտարկում է վերանայման այդ ավելի լայն կոնտեքստը, քան զուտ նախընտրական շարժերով պայմանավորված ներքին վերադասավորումները:
Մադրիդյան սկզբունքները լոկ արցախյան հակամարտության կարգավորման տարբերակներ ենթադրող ընդհանուր դրույթներ կամ ճանապարհային քարտեզ չեն: Դրանք ըստ էության հանդիսացան որոշակի «էպոխալ» նշանակության սկզբունքներ, որոնց ներդրումով պայմանավորվեց տարածաշրջանային զարգացումների մի ամբողջ փուլ: Միևնույն ժամանակ հատկանշական էր այն, որ այդ սկզբունքներն ըստ էության ընդունվեցին մի շրջանում, երբ տեղի էր ունենում Հայաստանի իշխանության անցում, փոխվելու էր հանրապետության նախագահը, տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ և նախապատրաստվում էր նախագահական ընտրությունը: Այդ ընթացքում, 2007 թվականի նոյեմբերին, առաջարկվեցին Մադրիդյան սկզբունքները և Հայաստանը ընդունեց դրանք: Ըստ էության ստացվեց մի իրողություն, երբ այդ սկզբունքներն ընդունող պաշտոնական Երևանը փոքր ինչ այլ էր, իսկ իրականացնողը՝ այլ: Սկզբունքներն ընդունեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իսկ սկզբունքներն իրականացրին կամ համենայն դեպս այդ սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը իրականացրին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այժմ, Հայաստանը կրկին իշխանության անցման փուլում է, սպասվում են խորհրդարանական ընտրություններ, նաև ըստ էության նախագահի փոփոխություն, ընդ որում արդեն նաև լիազորությունների: Ահա այդ փուլում, Մադրիդյան սկզբունքների տասնամյակից հետո Հայաստանը կառավարության փոփոխությանը զուգահեռ հայտարարում է Մադրիդյան սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին:
Իհարկե այդ հայտարարությունը վերապահումով է հնարավոր ընդունել իբրև պաշտոնական Երևանի մոտեցում, քանի որ արվում է ընդամենը փոխարտգործնախարարի մակարդակով, իսկ դա պաշտոնական քաղաքականության դիրքորոշումների իրավասություն ունեցող կարգավիճակ չէ, մյուս կողմից արվում է ոչ այնքան հստակ՝ Հայաստանը հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից ընդհանրապես, թե՞ պարզապես առաջարկում է վերանայել որոշ մոտեցումներ: Դա ունի կարևոր նշանակություն, որովհետև ընդհանրապես հրաժարումն ու որոշ դրույթների վերանայումը ենթադրում են տարբեր իրավիճակներ: Հրաժարումը ենթադրում է լիովին զրոյական մի իրավիճակ, իսկ վերանայումը ենթադրում է հավանական նոր բանակցային գործընթաց, ասել կուզի նոր քաղաքական քննարկումների և հարցերի ճշգրտումներ արցախյան կարգավորման գործընթացում ներգրավված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որոնք են Վաշինգտոնը, Մոսկվան ու Փարիզը: Սա էլ իր հերթին բնականաբար նշանակելու է առավել լայն փաթեթ, որում անկասկած կներառվեն նաև ներքաղաքական հարցեր, մասնավորապես կապված ընտրական գործընթացների և նոր իշխանության ձևավորման հետ: Դա էլ կարող է հիմք ծառայել ենթադրելու, որ Երևանն այդպիսով ոչ թե Մադրիդյան սկզբունքներից է հրաժարվում, այլ պարզապես այդ խնդիրը փորձում է դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ նախընտրական քննարկումների առարկա, բավական սուղ ռեսուրսների պարագայում Մադրիդյան սկզբունքները ևս դարձնելով այդ հարցի ռեսուրս: Առավել ևս, որ Երևանը կարծես թե նույն նկատառումներին է ծառայեցրել Մադրիդյան սկզբունքները նաև 2007-08 փուլի ընթացքում, քանի որ դրանից հետո տասնամյա ընթացքում արցախյան կարգավորման և ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումները մեծ հաշվով քիչ են համապատասխանել Մադրիդյան սկզբունքներին, ինչն իհարկե ունեցել է իր թե դրական էֆեկտը, թե ռիսկային հետևանքները:
Այդպիսով, Շավարշ Քոչարյանի հայտարարությունը հարց է առաջ բերում՝ Երևանը հրաժարվո՞ւմ է Մադրիդյան սկզբունքներից, ինչը նշանակում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին, տարածաշրջանային նոր իրողություն, նոր իրավիճակ, թե՞ հակառակը՝ Երևանը ձեռնամուխ է լինում այդ սկզբունքներին, դրանք ներքին գործընթացների հարցում արտաքին կենտրոնների հետ բանակցային խաղաքարտ դարձնելու համար:






































