«Վարչապետը ռեալ գնահատական տվեց իրավիճակին՝ նշելով, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակի մեջ է: Երբ տեսնում ես օբյեկտիվ գնահատական, դա հույս է ներշնչում, որովհետև բուժումը սկսելուց առաջ ախտորոշում պետք է տալ, կարծում եմ՝ ախտորոշումը ճիշտ է տրված»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի Հ. Թումանյանի անան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք նորանշանակ վարչապետի հայտարարություններից հույսեր են արթնանում:
Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այս տարի, սթափեցնող էին: «Ապրիլյան իրադարձությունները ևս սթափեցնող դեր խաղացին երկրի անվտանգության առումով, բայց կիսատ: Ապրիլյան իրադարձություններին ոչ լիակատար պատրաստ լինելը բխում էր ոչ միայն մեր պաշտպանական դիրքերի վիճակից, այլ նաև երկրում ստեղծված տնտեսական, քաղաքական իրավիճակից»:
Երբ հարց էր բարձրացվում, որ պետության համար կարևորագույն ժամանակահատվածում այն պաշտոնյաները, ովքեր հարսատցել էին հենց իշխանության մեջ լինելու շնորհիվ, իրենց ունեցվածքը կիսեն պետության, ժողովրդի հետ, նախկին վարչապետը այդպիսի հարցադրումները համարում էր դավաճանություն՝ նշելով, որ Հայաստանը սպառազինության խնդիր չունի: Իսկ Ս. Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքն էլ է զզվում պաշտոնյաների դղյակներից, բայց չի պատրաստվում 37թ. իրականացնել: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ պետք չէ 37թ. հետ զուգահեռներ անցակացնել, այն ժամանակ այլ իրավիճակ էր:
«Խոսքը բոլորին օրինական դաշտ վերադարձնելու մասին է: Բոլոր աղերսները՝ եկեք, կիսվեք և այլն, այդքան էլ ճիշտ չէ: Քաղաքականության մեջ բարոյախոսությունները որևէ արդյունք չեն տալիս: Կոշտ ձեռք կարող է լինել միայն և միայն օրենքի շրջանակներում, և այդ կոշտությունը պետք է վերաբերի բոլորին, և այդ ժամանակ կընկալվի և կընդունվի: Կոշտ չի նշանակում դաժան, դաժան կարելի է գտնվել նրա նկատմամբ, ով որ խախտում է օրենքը»:
Հովիկ Աբրահամյանը իր հրաժեշտի ելույթում տողատակերում ակնարկում էր, որ իրեն հնարավորություն չի տրվել, չէր կարող փոփոխություններ իրականացնել: Այս դիտարկման վերաբերյալ Ռ. Բաբայանը նշեց, որ Հ. Աբրահամյանը ապրիորի չէր կարող իրագործել դա, քանի որ այս մեծ կառույցի մասն էր կազմում. «Պետք է առաջին քայլը իրենից սկսեր, հավատալ կարելի է միայն նրան, ով սկսում է իրենից»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշում է, որ մեր տնտեսությունում ստվերի հարց կա, և առաջին հերթին ստվերը պետք է կրճատել: Ռուբեն Բաբայանը կարծում է, որ այս ուղղությունը ճիշտ է, բայց դա միակ և գլխավոր ուղղությունն չէ. «Պետք է փոխվեն ընդհանրապես հարաբերությունները, տնտեսության մեջ կարող են աշխատել միայն տնտեսական օրենքները, և շատ վատ է, երբ որ այստեղ մտնում են ընտանեկան, կուսակցական հարաբերությունները: Մենք մշտապես խախտում եք հասարակության, տնտեսության, նույնիսկ բնության զարգացման օրենքները և հենց այդ պատճառով շատ ուժեղ պատժվում ենք… Ինչքան էլ ասես հալվա, բերանդ չի քաղցրանա: Կա ազատ մրցակցության մոդել: Ազատ մրցակցության համար պետք է ունենալ ազատ քաղաքացի»:
«Վերջին երեք տարվա ընթացքում հասարակությունն այստեղ ավելի արագ զարգացում ունեցավ. 2013-ի որոշումը հասարակության մեծամասնությունը անտարբերության մատնեց, բայց հիմա անտարբեր չեն»,- նկատեց Ռ. Բաբայանը:
Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Պուտինի կողմից Նալբանդյանի պարգևատրմանը՝ կարծիք հայտնեց, որ միջազգային տարբեր ատյաններում քվեարկության ժամանակ Հայաստանի արտահայտած դիրքորոշման արդյունքը եղավ այդ մեդալը, բայց դա Նալբանդյանի ինքնուրույն գործունեության արդյունքը չէ: «Հայաստանը պետք է վարի ավելի ինքնուրույն քաղաքականություն, բայց այն կախվածությունը, որի մեջ այսօր գտնվում է Հայաստանը մեր հյուսիսային հարևանից, մեկ հարվածով հնարավոր չէ կտրել, դա երկար աշխատանք է»,- ընդգծեց Ռ. Բաբայանը:
Անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին՝ Ռ. Բաբայանը նկատեց, որ մեր նախարարությունները գնալով ուռճանում են և ոչ թե ստրատեգիական գործունեութամբ են զբաղվում, այլ բազմաթիվ բյուրոկրատական օղակները կապում են մեր ձեռքերը:
«Միայն պատժիչ գործողություններով հնարավոր չէ հասարակությանը դարձնել քաղաքակիրթ: Սա առաջին հերթին մշակույթի պրոբլեմն է,- ընդգծեց Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ մշակույթը չպետք է ընկալվի որպես «կույր աղիք»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































