Պարենային ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայում հաճախակիացել են քաղաքացիների ձերբակալության դեպքերը, ովքեր մթերքի պաշար են գնում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Ինչպես նշվում է՝ վերջին մի քանի տարիներին երկրի կառավարությունն ընդունել է մի շարք միջոցառումներ դեֆիցիտ ապրանքների վաճառքը կանոնակարգելու համար, դրանց թվում է խանութներում հատուկ սարքերի տեղադրումը, որը ճանաչում է գնորդների մատնահետքերը։
Տեղի իրավապաշտպան Movimiento Vinotinto կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից առնվազն 9400 մարդ է ձերբակալվել մթերքի պաշար ձեռք բերելու և վերավաճառելու համար։
Ձերբակալվում են նաև նրանք, ում պայուսակները ոստիկանությանը մեծ և կասկածելի են թվում։ Անցած տարի գրանցվել է ավելի քան 1000 նման դեպք։ Ձերբակալվածներին մեղադրել են սև շուկայում աշխատելու համար։
Օգոստոսին հաղորդվել էր, որ հազարավոր մարդիկ սահմանի բացումից հետո ուղևորվել են հարևան Կոլումբիա՝ մթերք և անհրաժեշտ ապրանքներ գնելու համար։











































