ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հավաստմամբ՝ կառավարության փոփոխությունը արտաքին քաղաքականության փոփոխություն չի ենթադրում:
«Արտաքին քաղաքականության շրջանակում մենք մեծ փոփոխությունների անհրաժեշտություն այս պահին չունենք, որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իր բազմավեկտորության պարագայում կարողացել է միշտ հավասարակշռող դերակատարություն ունենալ ինչպես մեր երկրում, այնպես էլ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման, շահերի հակադրման մեխանիզմները բացառելու և հնարավորինս կայուն զարգացման հիմքեր ապահովելու նպատակով: Գլոբալ փոփոխություններ աշխարհում կարծես թե չկան, և Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի ենթադրում կտրուկ, էական փոփոխություններ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան իրադարձություններից հետո պետք է ավելի շեշտադրված քաղաքականություն վարել մեր պետության պաշտպանունակության մակարդակի բարձրացման, ամրացման, ավելի ինտենսիվ անվտանգային քաղաքականություն իրականացնելու նպատակով:
Արտակ Զաքարյանը համամիտ չէ մեր այն դիտարկմանը, որ վերջին տարիներին արտաքին քաղաքականության բալանսը խախտվել է հօգուտ Ռուսաստանի: Անդրադառնալով հարցին, թե այս հանգամանքը ապրիլյան պատերազմից հետո արդյո՞ք վերանայման անհրաժեշտություն չունի՝ Ա. Զաքարյանը պատասխանեց, որ ՀՀ-ն իր գործողությունները չի իրականացնում հօգուտ Ռուսաստանի, հօգուտ ԱՄՆ-ի, հօգուտ ԵՄ-ի կամ հօգուտ այլ գործընկերոջ, «ՀՀ-ն իր որոշումները կայացնում է իր շահերը հաշվարկելով, և հնարավորինս պետական և ազգային խնդիրների լուծման համար նպաստավոր և բարիդրացիական հարաբերություններ կառուցելով:
Որևէ պետության, որևէ մեր գործընկերոջ և դաշնակցի օգտին բալանսը չի խախտվել, մենք պետք է կարողանանք շարունակել քաղաքականություն վարել այնպես, որ այդ բալանսը չխախտվի, որովհետև բալանսի ցանկացած խախտում բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների վրա:
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցությանը, ՀԱՊԿ կառույցում մեր ակտիվ գործունեությանը և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությանը, դրանք մեր շահերի տիրույթում են: Արտաքին քաղաքակնության բալանսը պահպանվում է»:
Ա. Զաքարյանի խոսքով՝ չի բացառվում, որ ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը արագ կյանքի կկոչվի. «Իրատեսական են այն կանխատեսումները, որ շատ արագ կունենանք ԵՄ հետ ստորագրված համագործակցության փաստաթուղթ»: Ա. Զաքարյանի կարծիքով՝ մտավախություն չկա, որ Ռուսաստանը կխոչընդոտի այդ հարցում, ըստ նրա՝ այդ մտավախությունը միշտ արհեստական է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:











































