ԱՄՆ իշխանությունները 4.2 միլիոն դոլար փոխհատուցում կվճարեն Հավայի նահանգի բնակչի ընտանիքին, ով հիվանդանոցներից մեկում մահացել է սխալ արված անզգայացման պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 32-ամյա Անտոնիո Մարերոն դիմել է Հոնոլուլուի շրջանի շտապօգնության հիվանդանոց՝ կոկորդի ցավի պատճառով: Նրան հետազոտած բժիշկը ենթադրել է, որ նրա մոտ անգինա է, և նրան ուղարկել է համապատասխան մասնագետի մոտ: Սակայն մինչ այդ նա որոշել է կրկին հետազոտել Մարերոյի կոկորդը՝ կատարելով տեղային անզգայացում: Սակայն ակնհայտորեն նա սխալվել է չափաքանակի հարցում: Արդյունքում հիվանդը կորցրել է գիտակցությունը և մահացել:
Մահացածի ընտանիքը հայց է ներկայացրել ամերիկյան իշխանությունների դեմ: Նրանք պնդել են, որ այդ բժիշկը իրավունք չի ունեցել Մարերոյին տալու անզգայացնող դեղորայք, քանի որ նա մասնագիտությամբ անեսթեզիոլոգ չէ:
Արդյունքում հայցը հաջողվել է կարգավորել մինչդատական կարգով: Իշխանությունները պարտավորվել են վճարել նշված գումարը՝ որպես փոխհատուցում, իսկ ընտանիքը՝ հետ վերցնել հայցը: Իր հերթին հիվանդանոցը ներողություն է խնդրել ընտանիքից ողբերգական դեպքի համար:











































