Ուկրաինային և Վրաստանին անվիզա ռեժիմի տրամադրմանը խոչընդոտում է այն հարցը, թե ով իրավունք կունենա դադարեցնելու անվիզա ռեժիմի վավերականությունը: Այդ մասին հայտնել է եվրոպական ինտեգրացման հարցերով Ուկրաինայի փոխարտգործնախարար Ելենա Զերկալը «5 channel»-ի եթերում:
Նրա խոսքով` այդ հարցը պետք է որոշվի արդարադատության հարցերով Եվրամիության խորհրդի հոկտեմբերի 11-ի նիստում:
Նա նաև ասել է, որ Ուկրաինային և Վրաստանին անվիզա ռեժիմի տրամադրման տեխնիկայի հարցը այժմ չի արծարծվում: «Այժմ փորձաքար է այն հարցը, թե իրար մեջ ինչ կորոշեն խորհրդարանը և Եվրախորհուրդը, որը կլինի գլխավորը անվիզա ռեժիմի դադարեցման հարցում, քանի որ դա այժմ խոշոր վեճ է նրանց միջև»,- նշել է փոխարտգործնախարարը:









































