Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր բժշկական հետազոտության արդյունքներով կիսվել է «Դոկտոր Օզի շոու» հայտնի հեռուստահաղորդման ժամանակ, հայտնում է BBC-ն:
Նա հետազոտությունների արդյունքների թերթիկը տվել է հեռուստաշոուի հաղորդավարին, սակայն նրա առողջության մասին մանրամասները դեռևս հայտնի չեն: Նախընտրական շտաբի ներկայացուցիչները և հեռուստաշոուի պրոդյուսերները հրաժարվել են բացահայտել փաստաթղթի բովանդակությունը մինչև հեռուստաշոուի հինգշաբթի եթեր դուրս գալը:
Դոկտոր Օզը կատարել է Թրամփի առողջական վիճակի ամբողջական ստուգում` ներառյալ նյարդային, սրտանոթային համակարգերը, հորմոնների մակարդակը, հայտարարել են ծրագիր ներկայացուցիչները:
Թրամփի մասնակցությամբ շոուն եթեր դուրս կգա այս հինգշաբթի: Նույն օրը Հիլարի Քլինթոնը մտադիր է նորացնել իր նախընտրական քարոզարշավը, որն ընդհատվել էր հիվանդության պատճառով:








































