«Քիուեսթյան տարբերակը, որի մասին խոսում է Ռոբերտ Քոչարյանը, դա ցուցմունք է հոկտեմբերի 27-ի գործով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։
Նշենք, որ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիակայանին, որտեղ անդրադարձ է կատարել և Արցախյան կոնֆլիկտի կարգավորման, և ներքաղաքական, տնտեսական, ինչպես նաև «Սասնա ծռերի» վերջին գործողություններին։
«Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»,- ասել է Քոչարյանը:

«1998 թվկանին, երբ որ մերժվեց ընդհանուր պետության տարբերակը, 1999 թվականին սկսեցին Քիուեսթյան տարբերակի շուրջ բանակցությունները։ Ես այն ժամանակ էլ եմ ասել և հիմա էլ կրկնում եմ, ու Քոչարյանն ապացուցում է, որ հոկտեմբերի 27-ը եկավ հետաձգելու այդ տարբերակի կյանքի կոչումը, որովհետև ստեղծված ներքին ճգնաժամը, որի շնորհիվ ինքն ազատվեց քաղաքական մրցակիցներից ու պատճառ դարձրեց այն, որ բանակցությունները կասեցվեն առժամանակ։ Առնվազն երկու տարի բանակցություններ չընթացան, մինչդեռ 1999-ի նոյեմբերին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ պետք է վավերացվեր այդ փաստաթուղթը։ Այսինքն՝ Քոչարյանը հիմա բառացի ցուցմունք է տալիս իր դեմ, որ հոկտեմբերի 27-ը ուղղակիորեն առնչվել է Քիուեսթյան այս տարբերակի վավերացմանը»,-նկատեց Սաֆարյանը՝ հավելելով. «Ես հասկանում եմ, որ բոլոր նախկին պաշտոնյաները ցանկանում են ընդգծել իրենց մոտեցումների տարբերությունները ներկաների համեմատությամբ, բայց Քոչարյանի պարագայում դա ոչ միայն իմաստ չունի, այլ վտանգավոր է, որովհետև ինքը չի կարող քողարկել այն սխալները, որոնք մենք բոլորս գիտենք իր պաշտոնավարման ժամանակահատվածի հետ կապված։ Կրկնում եմ, հպարտանալ Քիուեսթյան տարբերակով ու ասել, որ դրան կողմ էր քվեարկել, այն դեպքում, երբ որ դրանով խաղի կանոն ես դարձրել այն, որ Հայաստանը հակամարտության կողմ է և Հայաստանի հաշվին նույնպես կարող են զիջումներ արվել, ապա այս հարցում նա անգամ Տեր-Պետրոսյանի հետ համեմատվելու շանսեր չունի։ Նա նաև այն նախագահն է, որը կոնցեպտուալ մակարդակում համաձայնեց, որ Արցախը և Ադրբեջանը կարող եմ մեկ պետության մեջ լինել։ Այ այս հարցում նա կարող է վատ առումով մրցակցել Տեր-Պետրոսյանի հետ»։
Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա, Սաֆարյանի խոսքերով՝ զավեշտն այլ տեղ է։ «Պետք է հիշենք, որ Մադրիդյան սկզբունքները բանակցվեցին 2003-2004 թվականներից սկսած, որոնք 2007 թվականին պաշտոնապես հանձնվեցին Քոչարյանի իշխանությանը և Վարդան Օսկանյանին Մադրիդում, որի պատճառով էլ ստացան Մադրիդյան սկզբունքներ անվանումը։ Քոչարյանը հիմա փորձում է ցույց տալ, թե ի տարբերություն այժմյան տարբերակի, որից իբր թե տեղյակ չէ, ապա իր ժամանակ քննարկվում էր Ղարաբաղի կամարտահայտության հարցը։ Բայց, կներեք, կամարտահայտություն չի նշանակում անկախության ճանաչում։ Կանգնել հայտարարել, որ փոխշաղկապված այդ սկզբունքները, ըստ որի կամարտահայտությունը պարտադիր չէ և Ղարաբաղը պետք ճանաչվի Ադրբեջանի կողմից, այսինքն մենք դառնում էինք Ադրբեջանի պատանդը, ապա այստեղ հիացմունքով խոսելու առիթ չկա»,- նկատեց Սաֆարյանը։
Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրների վերաբերյալ գնահատականենրին և այն գործոնների մասին, որոնք մտահոգիչ են Քոչարյանի կարծիքով, ապա քաղաքագետի խոսքերով՝ նրա նշած գործոնների ձևավորման արմատները գալիս են իր ժամանակներից։ «Նա խոսում է տարածաշրջանային գործոններից մեկուսացվելու մասին, ապա իր պաշտոնավարման շրջանում կոնցեպցիան այն էր, որ Հայաստանը շրջափակման մեջ էլ կարող է հարյուր տարի գոյատևել։ Բացի այդ, նա թքեց այն բոլոր միջազգային ծրագրերի վրա, որոնք կարող էին անցնել Հայաստանով և ինչ-որ օգուտ տալ։ Մի նախագահ, որը թքած է ունեցել Հայաստանի շրջափակման հեռանկարի վրա, ապա այսօր առնվազն չպետք է խոսի նման գործոնների մասին»,- ընդգծեց Սաֆարյանը։
Բացի այդ, քաղաքագետի խոսքերով՝ սեպտեմբերի 3-ին հարցազրույց տալ և չխոստովանել, որ մեծագույն սխալ արվեց երեք տարի առաջ, երբ Հայաստանը մաս կազմեց ԵՏՄ-ին, ապա անընդունելի է։ Իսկ պատճառն այն է, որ Հայաստանի երեք նախագահներն էլ համակարծիք են ընդունված որոշման հետ։ «Այսքանից հետո կանգնել և ասել, թե իշխանությունները պետք է վերլուծեն առկա խնդիրները՝ մոռանալով, որ իր պաշտոնավարումից սկսած Հայաստանը Ռուսաստանին հանձնեց բոլոր ռազմավարական ակտիվները՝ Բաշխիչ ցանցերը, կասկադային համալիրը, Հրազդանի հինգերորդ բլոկը, երկաթգիծը, հեռահաղորդակցության ոլորտը։ Այսքանից հետո խոսել իշխանության կողմից հետևություններ անելու մասին, ծիծաղելի է»։
Սաֆարյանի խոսքերով՝ ծիծաղելի է նաև Քոչարյանի կողմից արդար և լեգիտիմ ընտրությունների մասին խոսելը։ «Սա արդեն՝ դե եկ վարդապետ ու մի խենթացիր վիճակն է, որովհետև իր պաշտոնավարման ընթացքում չկա մի ընտրություն, որը լեգիտիմ ճանաչված լինի ո՛չ դրսի կազմակերպությունների, ո՛չ էլ մեր հասարակության կողմից»,- ասաց քաղաքագետը։
Քոչարյանն իր հարցազրույցում խոսում է նաև արմատական բարեփոխումներ կատարելու մասին, իսկ քաղաքագետը երկրորդ նախագահին հիշեցնում է, որ հենց իր պաշտոնավարման ժամանակ, երբ որ մեր հարևան Վրաստանում Սաակաշվիլին էր իշխանության եկել և արմատական փոփոխություններ էր անում ոստիկանական համակարգում, ապա Քոչարյանի ենթակայության տակ գտնվող թերթերը հակավրացական խայտառակ արշավ էին տանում՝ Սաակաշվիլիին ներկայացնելով որպես ամերիկյան լրտես։ «Այ սա է եղել Քոչարյանի վերաբերմունքը արմատական բարեփոխումների նկատմամբ»,- նկատեց Սաֆարյանը։
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործողություններին, որոնց մասին Քոչարյանը խոսում է, որպես «դեղին քարտ» իշխանություններին, ապա Սաֆարյանի խոսքերով՝ առնվազն տարօրինակ է Քոչարյանի այս գնահատականը, քանի որ այդ օրերին Քոչարյանի անվան հետ է ասոցացվում «Համախմբում» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, ԲՀԿ-ն, որոնք գնում էին Խորենացի և կանգնում էին ժողովրդի կողքին, միանում էին ժողովրդին, Օսկանյանի կուսակցությունն անում է հայտարարություն, որը գրեթե արդարացնում է «Սասնա ծռերին», ապա հիմա ուշագրավ է, որ հարցի լուծումից հետո Քոչարյանը փորձում է դիստանցավորվել «Սասնա ծռերից» և քննդատում է նրանց գործունեությունը։ «Քոչարյանը մոռանում է, որ հոկտեմբերի 27-ից հետո իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները անթաքույց դրական կերպար էին փորձում ստեղծել Նաիրի Հունանյանին։ Սա, եթե Քոչարյանն ուզում է անտեսել, մենք չենք մոռացել։ Իսկ եթե Քոչարյանը բացահայտած լիներ հոկտեմբերի 27-ը, ապա Մարտի 1 չէր անի։ Եթե ինքը պատժված լիներ դրանց համար, ապա գուցե հասարակությունը հասկանար, որ չի կարելի գնալ ուժային լուծումների, քանի որ դրանց համար ուշ թե շուտ պատասխան է տալու։ Ինքը իշխանությունը պաս է ստացել Տեր-Պետրոսյանից, ապա պաս է տվել Սերժ Սարգսյանին, իսկ թե հիմա ինչից է զարմանում, այ դա չեմ հասկանում»,- եզրափակեց քաղաքագետը։








































