Կապված Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան հետ՝ երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Նիգմատիլա Յուլդաշևը: Այս մասին հայտնում է Fergana գործակալությունը:
Իշխանության ժամանակավոր անցումը մինչև պետական ընտրությունները նախատեսված է հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով: Նույն հոդվածում ասված է, որ Ուզբեկստանում առաջիկա 3 ամսում պետք է կայանան նախագահի ընտրություններ:
54-ամյա Նիգմատիլա Յուլդաշևը ծնվել է Ուզբեկստանի մայրաքաղաքում՝ 1962 թվականի նոյեմբերի 5-ին: Նա իրավաբան է և դատախազության մարմիններում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2011 թվականից նշանակվել է արդարադատության նախարար:
2015 թվականի հունվարին նախագահի հրամանով Յուլդաշևը նշանակվել է սենատոր, իսկ փետրվարին ընտրվել է սենատի նախագահ:
Ուզբեկստանում սեպտեմբերի 3-ից հայտարարվել է եռօրյա սուգ՝ պետության ղեկավարի մահվան կապակցությամբ:





































