Տարեսկզբից Սիրիայի պաշարված և դժվարհասանելի շրջաններ է ուղարկվել 112 մարդասիրական շարասյուն, օգնություն է ստացել մոտ 1,3 մլն մարդ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ը և նրա գործընկերները 112 մարդասիրական շարասյուն են ուղարկել, օգնություն է հասցվել 1.275.750 մարդու:
«Պարենի համաշխարհային ծրագրի գլխավորությամբ իրականացվել է օդից արևմտյան Դեյր-էզ-Զորի պաշարված շրջաններ բեռների նետման 107 գործողություն, տեղ է հասցվել 1933 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ»,- ասվում է հայտարարության մեջ: Հուլիսի 9-ից օդային կամրջով Սիրիայի հյուսիսարևելյան Քամիշլի քաղաք է հասցվել 3069 տոննա բեռ, առաջին հերթին՝ սնունդ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 82 ավիաչվերթ:












































