Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ինքնիշխան երկիր է, ուստի խոսք չի կարող լինել այդ երկիրը PYD-ի հետ համեմատելու մասին. «Թուրքիան ՆԱՏՕ-ի ու կոալիցիայի (ԴԱԻՇ-ի դեմ) անդամ է»: Կիրբին այդպես է պատասխանել PYD-ի վերաբերյալ Անկարայի մտահոգությանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք PYD-ի զինյալներն անցե՞լ են Եփրատ գետի արևելյան ափը, ինչպես պնդում է ԱՄՆ-ը՝ Կիրբին հայտարարել է, որ նախօրեին այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը. «Գեներալ Վոտելը հայտարարել է Մանբիջից հետո անհրաժեշտ մաքրում իրականացնելու մասին, ինչից հետո քրդական ուժերը անցել են Եփրատի արևելք, ինչպես նաև այն մասին, որ տվյալ խմբավորումները կատարել են իրենց խոստումը: Այդ հայտարարությունները բավականաչափ են»:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է հավելյալ տեղեկատվություն տրամադրել այդ հարցի շուրջ: Կիրբին ընդգծել է, որ իրենք բախումներ չեն տեսնում Թուրքիայի ու PYD-ի միջև, ինչը ողջունելի է:









































