Ամերիկացի լրագրողուհի Լինդսի Սնելը, որն աշխատել է Սիրիայում և այնտեղ հարցազրույցներ է նկարահանել «Ջեբհաթ Ֆաթահ ալ-Շամի» (ավելի վաղ «Ջեբհաթ ան-Նուսրա») զինյալների հետ, կալանավորվել է Թուրքիայում, հայտնում է RIA Novosti-ն:
«Կարող եմ հաստատել, որ ԱՄՆ քաղաքացի Լինդսի Սնելը 2016 թվականի օգոստոսի 7-ին կալանավորվել է Թուրքիայում: Այժմ նա գտնվում է Հաթայ շրջանի բանտում»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Քիրբին ճշտել է, որ լրագրողուհին կալանավորվելուց առաջ եղել է Սիրիայում, որտեղից անցել է Թուրքիա: Այն մասին, թե նա հատկապես ինչով էր զբաղված Սիրիայում, Քիրբին չի խոսել:
NBC News հեռուստաալիքի տեղակատվությամբ` Սնելին օգնելու համար ամերիկացի դիվանագետները գտնվել են թուրք-սիրիական սահմանում, սակայն երբ Սնելը հայտնվել է Թուրքիայի տարածքում, նրան կալանավորել են: Ճշտվում է, որ կնոջը մեղադրում են սահմանն անօրինական անցնելու մեջ:
Հայտնի է, որ լրագրողուհին համագործակցել է մի շարք ԶԼՄ-ների, մասնավորապես MSNBC, ABC News, Discovery և Yahoo News հեռուստաալիքների հետ: Սիրիայում նա աշխատել է Հալեպի շրջանում:
Դատելով լրագրողուհու Twitter-ում և Facebook-ում արված գրառումներից, որոնցից վերջինը կատարվել է օգոստոսի 5-ին, նրան բռնել են «Ջեբհաթ Ֆաթահ ալ-Շամի» զինյալները: Սակայն գերության մեջ 2 շաբաթ գտնվելուց հետո նա կարողացել է փախչել: Նրա խոսքով` ինքը թույլտվություն ունեցել է գտնվելու զինյալների կողմից վերահսկվող տարածքներում, որտեղ հարցազրույցներ է անցկացրել:










































