Հարավային Կովկասում 2013-2016թթ. համար շվեյցարական համագործակցության նոր ռազմավարությանը նվիրված ասուլիսում Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Շոխը ներկայացրեց այն ուղղությունները, որտեղ Շվեյցարիան ներդրումներ կկատարի առաջիկա 4 տարիներին:
«7-8 մլն ֆրանկ՝ մոտ 9 մլն դոլար, կտրամադրվի Տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման համար: Շատ չէ, բայց քիչ էլ չէ այդքան»,- ասաց Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենը:
Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ նոր ռազմավարությունն արտացոլում է տարածաշրջանում միջնորդական առաքելություններին և դրական զարգացումներին ուղղված Շվեյցարիայի նախաձեռնությունները: Առաջիկա չորս տարիների ընթացքում, ըստ Ռուդոլֆ Շոխի, Շվեյցարիան ներդրումներ կկատարի երեք հիմնական ոլորտներում: Ֆինանսավորման տեսանկյունից ամենամեծ ոլորտը «Տնտեսական զարգացման և զբաղվածության» ոլորտն է: Աջակցությունն այս ոլորտում նպաստելու է շուկայի զարգացմանը՝ գյուղատնտեսական արժեշղթաների տեսանկյունից: Հիմնական շեշտադրումը կկատարվի մասնագիտական հմտությունների բարձրացման, ֆինանսական և մասնավոր ոլորտների համար շրջանակային պայմանների բարելավման վրա, դրա հետ մեկտեղ բնակչության խոցելի խմբերին կտրամադրվի կենսական աջակցություն:
Երկրորդը «Կառավարում և հանրային ծառայություններ» ոլորտն է, որը կաջակցի մարզային իշխանությունների տարածաշրջանային զարգացման խթանմանն ուղղված ջանքերին:
Երրորդը «Մարդու անվտանգության և պաշտպանության» ոլորտն է, որն աջակցություն կցուցաբերի հակամարտությունների հաղթահարման գործընթացներում, ինչը կզուգորդվի բնակչության խոցելի խմբերի մարդասիրական հիմնական կարիքների բավարարման օժանդակությամբ, որոնք կարող են աճել հակամարտությունների վերսկսման կամ խոշոր բնական աղետների առաջացման դեպքում:
Այս երեք հիմնական ոլորտներից բացի՝ Շվեյցարիան կֆինանսավորի նաև ծրագրեր, որոնք ուղղված են աշխատանքային միգրացիայի խնդիրներին, կաջակցի նաև արվեստին և մշակույթին վերաբերող տարածաշրջանային ծրագրերը, հատկապես այն ծրագրերը, որոնք կօժանդակեն ժամանակակից արվեստին, ինչը համարվում է կարևոր սյուն դինամիկ և իրավահավասար անդամներով հասարակության համար:
Համաձայն նոր ռազմավարության՝ Շվեյցարիան գրեթե կրկնապատկում է իր բյուջեն տարածաշրջանում: Միայն Հայաստանում առաջիկա 4 տարիներին պատրաստվում է ծախսել ավելի քան 30 միլիոն դոլար՝ չհաշված տարածաշրջանային ծրագրերը:









































