Դամասկոսի գրոհայինների վերահսկողության տակ գտնվող և կառավարական ուժերով շրջափակված Դարայա արվարձանի բնակիչների տարհանման մասին համաձայնագիրը չի համապատասխանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: TASS-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը: Նրա խոսքով՝ Դարայայում տեղի ունեցածը չպետք է նախադեպ ծառայի Սիրիայի մյուս պաշարված շրջանների համար:
Նա նշել է, որ ՄԱԿ-ը չի մասնակցել այդ համաձայնագրի ձեռք բերմանը, և «տարհանման մասին տեղյակ է պահվել դրա սկսվելուց մի քանի ժամ առաջ»: «ՄԱԿ-ը Սիրիայի կառավարության և Դարայայի բնակիչների խնդրանքով զբաղվում է մարդասիրական կարիքների և պաշտպանության պահանջմունքների գնահատմամբ բոլոր նրանց, ովքեր տարհանվել են, սակայն համաձայնագրերը, որոնք տանում են քաղաքացիական անձանց զանգվածային տարհանման երկարատև բլոկադայից հետո, չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքին և նորմերին»,- ասել է Օ’Բրայենը:
Նրա խոսքով՝ քաղաքների պաշարմանը, որը «միջնադարյան մարտավարություն է», պետք է վերջ դրվի, բայց ոչ՝ «համաձայնագրերի միջոցով, որոնք հանգեցնում են քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման»:
Դարայայի բնակիչների տարհանումը սկսվել է օգոստոսի 26-ին և տևել է երկու օր:
















































