Էյր Արաբիա ավիաընկերությունը այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որը նվիրված էր Էյր Արաբիա ավիաընկերության կողմից դեպի Հայաստան իրականացվող չվերթների բացման ազդարարմանը: Ասուլիսի բանախոսներն էին` Էյր Արաբիա ավիաընկերության Կորպորատիվ հաղորդակցությունների և Հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ՝ Հուսամ Րայդանը, Էյր Արաբիա ավիաընկերության ՌԴ, ԱՊՀ և Եվրոպա տարածաշրջանային ղեկավար՝ Րավինդրան Բհարաթան:
Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրել են չվերթների բացման և իրականացման հաճախականությունն ու ժամկետները, հնարավոր ուղղություններն ու ավիաընկերության կողմից վարվող գնային քաղաքականության սկզբունքները, քննարկել են նոր ուղևորափոխադրողի հայաստանյան շուկա ներգրավման անհրաժեշտությունը և նրա կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններն ու բազմազանությունը:
Էյր Արաբիա ավիաընկերությունը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում առաջին և ամենամեծ փոխադրողն է, որն ուղևորներին է առաջարկում ամենմատչելի փոխադրումները:
Էյր Արաբիա ավիանկերությունը հայտարարում է դեպի Երևան չվերթների բացման մասին, որոնք կիրականացվեն սկսած սույն թվականի օգոստոսի 16-ից` շաբաթը երկու չվերթ հաճախականությամբ:
Չվերթները կմեկնեն Շարժայի Միջազգային Օդանավակայանից երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 8:30` ժամանելով Զվարթնոց Միջազգային Օդանավակայան 11:15:
Հետադարձ չվերթները տեղի կունենան նույն օրերին` Երևանից մեկնելով 12:35 և կժամանեն Շարժա 15:40 (տեղական ժամանակով):
Մինչև օգոստոսի 30-ը Երևան-Շարժա-Երևան հետադարձ չվերթի արժեքը կկազմի 175 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Էյր Արաբիա ավիաընկերությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար պատրաստել էր հաճելի անակնկալ` 30% զեղչ լրագրողական փաստաթուղթ ներկայցնելու դեպքում:
Բանախոսները փոխանցել են նաև Էյր Արաբիա ավիաընկերության խմբի գլխավոր տնօրեն Ադել Ալիի ուղերձը` «Հայաստանը մեզ համար գրավիչ ուղղություն է, որը բարենպաստ է ինչպես զբոսաշրջության, այնպես էլ միջազգային գործարարության տեսանկյունից: Երևանը` ունենալով ռազմավարական դիրք, մշակութային մեծ խառնարան է, որը կհետաքրքրի աշխարհի ամենատարբեր ազգություններին: Երևանը լրացնում է Էյր Արաբիայի Արևմտյան Եվրոպայի ուղղության լայն ցանցը: Էյր Արաբիան առաջարկում է հայերին հարմարավետ երթուղիներ ողջ Հնդկական ենթամայրցամաքի, Մերձավոր Արևելքի և Լևանտական տարածաշրջանի տարածքներով»:
Էյր Արաբիա ավիանկերությունը (ՀԲԸ) գրանցված է Դուբայի Ֆինանսական շուկայում: Այն սկսել է իր գործունեությունը 2003թ-ին:
Ընկերությունն ունի նաև երկու այլ բազա Մարոկկոյում և Եգիպտոսում. ընդհանուր առմամբ իրականացնում է չվերթներ դեպի 86 քաղաք ողջ աշխարհում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































