Լուն Լուն անունը կրող հսկայական պանդան արհեստական բեղմնավորումից հետո Ատլանտայի կենդանաբանական այգում բարեհաջող կերպով լույս աշխարհ է բերել երկվորյակներ՝ հաղորդում է Reuters-ը:
«Հիմքեր չկային երկվորյակի լույս աշխարհ գալու: Մեր մասնագետները ուլտրաձայնով տեսել էին միայն մեկ պտղի»,- ասել է Ատլանտայի կենդանաբանական այգու ներկայացուցիչը:
Ծնված ձագերի սեռը դեռ հայտնի չէ:
Ի տարբերություն սև-սպիտակ մայրիկի՝ դեռ կույր ձագերը վարդագույն են ու ծածկված չեն մորթով:
Ընդ որում՝ նրանք կշռում են դեռ 100 գրամ՝ այն դեպքում, երբ մոր քաշը 91 կիլոգրամ է:
Չնայած այն բանին, որ երկվորյակների ծնունդը հազվադեպ երևույթ չէ պանդաների մոտ, այնուամենայնիվ՝ վայրի բնության մեջ «բամբուկե արջերը» ի վիճակի են մեծացնել միայն մեկ ձագի:
Կենդանաբանական այգում երկրորդ ձագի մասին հոգ կտանեն կենսաբանները, որոնք հետագայում ծրագրում են արդեն մեծացած ձագին տանել մոր մոտ:











































