Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ Թուրքիայի գործողությունը հանկարծակիի է բերել ԱՄՆ-ին: Այդ մասին վկայել են թուրք և ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները:
Երբ թուրքական բանակը նախորդ շաբաթ սկսեց հարձակումը Սիրիայում, Պենտագոնը պաշտոնապես հավանության արժանացրեց այդ գործողությունը՝ հայտարարելով Վաշինգտոնի ևԱնկարայի միջև բարձր մակարդակի համագործակցության մասին:
WSJ-ն ընդգծում է, որ չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի գործընկերների միջև անդրկուլիսյան համագործակցությունը մեծապես ձախողվել է: WSJ-ն հետևել է Սիրիայում հնարավոր համատեղ գործողության հնարավորության մասին Վաշինգտոնի ու Անկարայի բանակցությունների ողջ պատմությանը, որը սկիզբ է առել 2015 թվականի գարնանը:
2015 թվականի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել սահմանին գործարկել 2000 զինվորականի՝ հույսեր կապելով նաև ամերիկացի հատուկջոկատայինների հետ: Սակայն Վաշինգտոնը սառն է ընդունել այդ գաղափարը:
Պարբերականը հայտնել է, որ Թուրքիան «Եփրատի վահան» գործողությունը օգոստոսի 24-ին սկսել է առանց ԱՄՆ-ին իրազեկելու: Երբ գործողության մեկնարկից հետո թուրք-սիրիական սահմանին բախումներ սկսվեցին թուրքերի ու սիրիական քրդերի միջև, որոնց ուղղակիորեն աջակցում է ԱՄՆ-ը, Վաշինգտոնը հանդես եկավ երկու կողմին հասցեագրած անսպասելի կտրուկ կոչերով՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները:
Սպիտակ տան ներկայացուցիչները զգուշացրին, որ օդից չեն աջակցի թուրք զինվորականներին, որոնք շարժվում են դեպի հարավ՝ դեպի Սիրիայի տարածքի խորք: Քրդերին էլ Վաշինգտոնը հայտնեց, որ նրանց օդից աջակցելը կախված կլինի հարձակման ուղղությունից:
WSJ-ն նաև հայտնել է, որ Թուրքիան նախապես Ռուսաստանից հավաստիացումներ է ստացել, որ Սիրիայի հյուսիսում իր զինվորականները չեն հայտնվի ռուսական ավիացիայի հարվածների տակ:










































