Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել հրատապ պատժամիջոցներ սահմանել սիրիական կառավարության դեմ՝ երկրում քիմիական զենք կիրառելու համար, և գործը ուղարկել Միջազգային քրեական դատարանի քննությանը: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելության և ՄԱԿ-ի փորձագետներն անցած շաբաթ ներկայացրել էին զեկույց 9 միջադեպերի հետաքննության ընթացքի մասին, որում կառավարական ուժերին մեղավոր են ճանաչել հարձակման երկու դեպքերում, ԴԱԻՇ-ին՝ մեկ դեպքում։ Պարզվել էր, որ սիրիական բանակի ուղղաթիռները թունաքիմիկատներ, մասնավորապես՝ քլոր են նետել Իդլիբ նահանգի Թալմենես (2014-ի ապրիլի 21) և Սարմին բնակավայրերում (2015-ի մարտի 16)։ Զեկույցի տվյալներով՝ ԴԱԻՇ-ի գրոհայինները մանանեխի գազ են կիրառել Մարեա քաղաքի շրջանում 2015-ի օգոստոսի 21-ին։ Դեպքերից 6-ում մասնագետները չեն կարողացել պարզել հարձակումների պատասխանատուներին։
ՄԱԿ ԱԽ-ն այսօր հանդիպում կանցկացնի Սիրիայի քիմիական զինաթափման հարցոմ, որի ընթացքում կքննարկի զեկույցը: Զեկույցում առաջին անգամ նշվել են երկրում քիմիական զենքի կիրառման մեղավորները։
Զեկույցի տարածումից անմիջապես հետո ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտնել են հարձակում իրականացողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Սպիտակ տունը Ռուսաստանին ու Իրանին կոչ էր արել մասնակցել Սիրիային պատասխանատվության ենթարկելու փորձերին։








































