Վալերի Բուայեն Հունաստանի «Ազատ օր» թերթին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից պահանջել է վերջ տալ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը վավերացնելու հարցում իր երկդիմի կեցվածքին: Նա ասել է, որ Ֆրանսիայի իշխանությունները այժմ այս հարցով գործնական քայլերի նշաններ իսկ ցույց չեն տալիս:
«Նախագահ Ֆրանսուա Օլանդը 2012թ. ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ, խոստացել էր զբաղվել այդ հարցով: Համաձայն այդ խոստման՝ մինչև 2013-ի ապրիլի 24-ը պետք է վավերացված լիներ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Սակայն բոլորս ականատես եղանք, որ խոստումը չկատարվեց, և այս տարի ապրիլի 24-ը նշվեց առանց օրենքը ուժի մեջ մտնելու: Օլանդը դրժեց իր խոստումը և ավելին՝ Ելիսեյան պալատում սեղմեց Ադրբեջանի նախագահի ձեռքը: Այդ երկդիմի խաղը պետք է ավարտվի»,- ասել է նա:
Բուայեն նաև նշել է, որ օրենքը միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում, այլ բոլոր ցեղասպանություններին, որոնք վավերացված են Ֆրանսիայի կողմից: «Ցեղասպանության հարցը պետք է շատ արագ լուծվի»,- ավելացրել է ֆրանսիացի պատգամավորը:
«Դիմել եմ խորհրդարանի նախագահին և տարբեր քաղաքական խմբակցությունների, որպեսզի վերաքննենք ցեղասպանություններին վերաբերող օրենքը և հստակեցնենք Ցեղասպանության քրեականացման վերաբերյալ դիրքորոշումը: Մենք չենք կարող բավարարվել Սահմանադրական խորհրդի միակողմանի դիրքորոշմամբ»,- եզրակացրել է Բուայեն:












































