Իտալիայում երկրաշարժից տուժած Ամատրիչե քաղաքի քաղաքագլուխ Սերջո Պիրոցին խոստացել է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով տանիքից զրկված բնակիչները վրանային ավանում կմնան մեկ ամսից ոչ ավելի. առաջիկայում որոշում կընդունվի փայտե տների տեղադրման համար անվտանգ տարածք հատկացնելու վերաբերյալ, որտեղ ժամանակավորապես կբնակվեն տուժածները։
«Ես պնդում եմ, որ փայտե տները հավաքվեն քաղաքից ոչ հեռու: Մարդիկ պետք է տներին մոտ լինեն՝ իրենց հողի վրա»,- ասել է Պիրոցին:
Կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ ավերված քաղաքների վերականգնումը կսկսվի արդեն գալիք գարնանը: Իշխանություններն ընդգծել են, որ քանդված բնակավայրերի ամբողջական վերականգնումը նախընտրում են նոր քաղաքների կառուցումից («նոր քաղաքի» սխեման ընտրվել է 2009 թվականին Ակվիլի երկրաշարժից հետո): Փայտե տները, որոնք առավել անվտանգ են սեյսմիկ ռիսկերի տեսակետից, տեղադրվել էին յոթ տարի առաջ տարերային աղետից ամբողջովին տուժած Օննա ավանում:
Ինչպես հաշվել է Corriere della Sera թերթը, 40 քառակուսի մետր տարածքով փայտե տներն արժեն 55 հազար եվրո: Ընդամենը ենթադրվում է տեղադրել 35 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 700 տուն: Շատ ավելի էժան են երկաթե կոնտեյներները, որոնք հաճախ են օգտագործվում երկրաշարժերից հետո, սակայն դրանք պակաս հարմարավետ են, հատկապես եթե դրանցում ստիպված են լինում երկար ժամանակ ապրել։
Ինչպես հայտնել է Corriere della Sera թերթը, երկրի վարչապետ Մատեո Ռենցին նշանավոր ճարտարապետ Ռենցո Պիանոյի հետ խորհրդակցել է երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցերի շուրջ:








































