ԱՄՆ-ը պատրաստ է անցումային շրջանում օգնել քաղաքական և տնտեսական խնդիրներ ունեցող Եգիպտոսին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Կահիրեում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսին:
Ամերիկացի դիվանագետը Եգիպտոսի մայրաքաղաքում հանդիպել է երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրի և զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հետ:
«Մենք ձգտում ենք օգնել եգիպտական հեղափոխությանը, որը երկրորդ հնարավորություն է ստացել»,- ասել է Բերնսը:
Դիվանագետը դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցող բախումները և նոր իշխանություններին կոչ է արել չխոչընդոտել կողմերից որևէ մեկի մասնակցությանը քաղաքական գործընթացին: Բերնսը նշել է նաև, որ չի կարծում, թե «Եգիպտոսում կարող է կրկնվել Սիրիայի սցենարը»:







































