Ֆրանսիայում «Տրիկաստեն» ԱԷԿ-ի տարածքում Greenpeace-ի 29 ակտիվիստներ են ձերբակալվել: Այսօր առավոտյան նրանք այնտեղ բողոքի ակցիա են անցկացրել՝ միջուկային օբյեկտը փակելու պահանջով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ հայտարարությանը:
Ֆրանսիական իշխանությունները քննարկում են պատժամիջոցների խստացման հնարավորությունը, որոնք կկիրառվեն ցույց անցկացրած բնապահպանների դեմ: ՆԳՆ-ի և Ֆրանսիայի բնապահպանության նախարարության ներկայացուցիչների կարծիքով՝ այն, որ առավոտվա ակցիան որակվել է «միջամտություն մասնավոր կյանքին» հոդվածով, բավարար չէ՝ ակցիայի մասնակիցներին պատժելու համար:
Մասնակիցները պատին ամրացրել են «Ֆրանսուա Օլանդը՝ աղետների նախագահ» գրությամբ ցուցապաստառ: Այդպիսով ակտիվիստները կոչ են արել երկրի նախագահին փակել ԱԷԿ-ը, որը երկրում հնագույններից մեկն է:
Greenpeace-ի հայտարարությունում ասվում է, որ թիվ մեկ էներգաբլոկի կորպուսի պատին հայտնաբերվել է առնվազն 20 ճաք:








































