«Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ազգային պլատֆորմի անդամները մտահոգություն են հայտնում առ այն, որ ԵՄ-ՀՀ համագործակցության շուրջ ներկայումս Հայաստանում ընթացող քննարկումներին բնորոշ են մակերեսայնությունը, գերակայությունների մասին խեղաթյուրված պատկերացումները, ինչպես նաև հասարակական դիսկուրսում ներդրվող «կա՛մ Եվրամիություն, կա՛մ Ռուսաստան», «և՛ Եվրամիություն, և՛ Ռուսաստան» վերացական բանաձևերը հասարակության ուշադրությունը շեղում են գործընթացի բուն էությունից և խոչընդոտում են նրանց համարժեք իմաստավորմանը: Հայտարարության մեջ կոչ էր արվում նաև ՀՀ իշխանություններին՝ բաց երկխոսել հասարակության հետ, բարձրացնել նրա իրազեկվածությունը համաձայնագրի բովանդակության վերաբերյալ: Իրականացնել հռչակվող արժեքներին համահունչ քաղաքականություն և այլն:
Հանրային քննարկմանը, որը նվիրված էր Եվրամիություն – Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին և սպասվելիք նախաստորագրմանը, ներկա չէին ԲՀԿ, ինչպես նաև ՀՀԿ ներկայացուցիչներ:
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով՝ Ասոցացման պայմանագրի հետ կապված դժվարությունը կայանում է փաստաթղթի ոչ միայն հրապարակային լինելու մեջ, այլ մյուս կարևոր հարցի՝ Եվրասիական միության խնդրով: Նրա խոսքով՝ եթե չլիներ Երասիական միության հարցը, խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցություններն էլ սկզբունքորեն կողմ կլինեին Ասոցացման պայմանագրի նախաստորագմանը:
«Երկուսից մեկի ընտրությունն այսօրվա անորոշության պայմաններում այնքան էլ ցանկալի չէ, երկու դեպքում էլ հստակություններ պետք է լինեն, որ մենք կողմնորոշվենք»,- ասաց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Եվրամիության հետ համագործակցությունը պետք է շարունակվի:
ՕԵԿ-ական Արթուր Միսակյանն էլ նշեց, որ ՕԵԿ-ն իսկապես շահագրգռված է եվրոպական ընտանիքին ինտերգրվելու գործընթացում:
Նրա խոսքերով՝ Հայաստանը պետք է հստակ ձևակերպի իր մոտեցումները՝ իր շահերից իր գերակա խնդիրներից ելնելով, պահպանելով ռազմավարական գործընկերության մոտեցումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների հանդեպ:
ՀԱԿԿ–ից Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ ՀԱԿԿ-ն կողմ է ինտերգրման գործընթացին, սակայն Ասոցացման պայմանագրի հետ կապված՝ ունի վերապահումներ, որը իրենց կուսակցությունը բարձրաձայնում է պարբերաբար: Դա, նրա խոսքերով, անհետևողականությունն է, եվրոպական գործընկերների խոսքի և գործի տարբերությունը: Ամբողջական ինֆորմացիա Ասոցացման պայմանագրի վերաբերյալ ունենալու պարագայում ՀԱԿԿ-ը վերջնական կարծիք կարտահայտի:
Քննարկմանը բարձրացվեց Ասոցացման պայմանագրի ստորագրման հարցը հանրաքվեի դնելու տարբերակը: «Արևելյան գործընկերության» Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նշեց, որ հանրաքվեի հարցը բացառել պետք չէ, բայց կա երկու նախապայման՝ նախ՝ հանրության լիարժեք իրազեկում, այլապես անիմաստ կինի հանրաքվեի անցկացումը, երկրորդ՝ հարաքվե, որը կարտահայտի հանրության ազատ կամքի դրսևորումը:
Նրա խոսքերով՝ հանրության հետ կիսվելու իշխանության զգուշավոր քաղաքականությունը, ցավոք, Հայաստանում կա: Մի կողմից՝ Ասոցացման պայմանագիրը ենթադրում է զարգացում, մյուս կողմից՝ պարտավորություններ:
«Եթե պետությունը մտնում է կարևոր գործընթացի մեջ, այն պետք է ունենա հանրային իրազեկման ռազմավարություն: Մենք կոչ ենք անում, որ հանրային իրազեկման ռազամավարություն լինի, որպեսզի երկրորդականը կարևորից չգերադասվի: Առաջնայնությունները չեն ներկայացվում հասարակությանը, ինչն էլ շփոթություններ է առաջացնում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































