«Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորումը, որը գործում է Նիգերիայում և հարևան երկրներում, 2016 թվականի սկզբից ահաբեկչությունների իրականացման համար որպես մահապարտ օգտագործել է 38 երեխայի։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ըստ հիմնադրամի գնահատումների՝ տարվա սկզբից 38 երեխաները որպես մահապարտ գործի են դրվել Չադ լճի ավազանի տարածաշրջանում հարձակումների համար։ Երեխաների ընդհանուր թիվը, ովքեր կիրառվել են որպես մահապարտ 2014 թվականից, հասել է 86-ի։ Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ահաբեկչություններում գործի դրվող անչափահասների թիվը աճել է 11 անգամ՝ 2014 թվականի 4-ից 2015-ին հասնելով 44-ի։
Իրավապաշտպանների տվյալներով՝ 2014-ից խմբավորումն առևանգել է մոտ 2000 կանանց ու աղջիկների, ովքեր գործի են դրվել սեռական ստրկության մեջ, կերակուր են պատրաստում գրոհայինների համար, զենք վերցնում իրենց ձեռքը, ինչպես նաև օգտագործվում որպես մահապարտ։
Վերջին տվյալներով՝ խորացող մարդասիրական ճգնաժամը 2.6 մլն մարդու ստիպել է լքել իր տունը, նրանցից 1.4 մլն-ը անչափահասներ են։ Եվս ավելի քան 1 մլն երեխա չի կարողնում լքել ահաբեկիչների կողմից վերահսկվող շրջանները։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ պարենային ճգնաժամը կանդրադառնա ընդհանուր առմամբ 475 հազար երեխայի վրա, ինչը եռակի մեծ ցուցանիշ է, քան 8 ամիս առաջ։ Հատկապես ծանր իրավիճակ է նիգերիական Բորնո նահանգում։ Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ այդ տարածքում ապրող մոտ 49 հազար երեխա կմահանա, եթե նրանց օգնություն չցուցաբերվի։










































