ՀՀԿ գործկոմի նախօրեի նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է Մոլդովա կատարած այցի արդյունքները: Այս մասին լրագրողներին հայտնել են նիստի մասնակիցները՝ մասնավորապես Գալուստ Սահակյանը: Կարելի է պատկերացնել ՀՀԿ-ականների, համենայնդեպս գործկոմի անդամների մեծամասնության դեմքի արտահայտությունը, երբ նրանք լսում են Մոլդովայի և այնտեղ տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մասին:
Սա անեկդոտ է, մոտավորապես «Կազակների նամակը սուլթանին» կտավի տարբերակով՝ ՀՀԿ-ականներն իրար գլխի հավաքված լսում են պատմություններ Մոլդովայից: Ավելի շուտ, սա կլիներ անեկդոտ, եթե խոսքը երկրի ճակատագրի մասին չլիներ, որի կերտմանը մասնակցում է կուսակցություն, որը կոչվում է ՀՀԿ: Այդ կուսակցությանը կյանքում մի բան է հետաքրքրում՝ կատալոգներն ու մենյուները: Դժվար է ասել` Սերժ Սարգսյանը Մոլդովայից ինչ է պատմել ՀՀԿ-ականներին: Եթե պատմել է կատալոգներից և մենյուներից, որ իրեն պատահած կլինեն այցի ընթացքում, ապա նրան լսել են հաստատապես ամենայն ուշադրությամբ և առաջիկայում Մոլդովան կարող է պատրաստվել Հայաստանի իշխող կուսակցության «զբոսաշրջիկների» ընդունելուն: Եթե Սերժ Սարգսյանը խոսել է «Արևելյան գործընկերությունից» և նման այլ թեմաներից, ապա կարող ենք եզրակացնել, որ ՀՀԿ գործկոմի նիստում անդամների մեծամասնությունը պարզապես ձանձրույթի է մատնվել և անհամբեր սպասել, թե երբ է Սերժ Սարգսյանն ավարտելու պատմությունը:
Մոլդովայում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետք է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների քաղաքացիներին հստակ և պարզ ասել, թե ինչ օգուտներ են նրանք քաղելու Եվրամիության հետ իրենց երկրների մերձեցումից, «Արևելյան գործընկերության» խորացումից, Եվրամիության հետ Ասոցացումից և Ազատ առևտրից: Սերժ Սարգսյանը կարևոր էր համարել, որ քաղաքացիները ուղղակիորեն տեղեկանան, թե իրենցից յուրաքանչյուրի կյանքը ինչպես է փոխվելու Եվրամիության հետ հարաբերությունների խորացումից: Կասկած չկա, որ կարևոր հարց է, թեև հարց է առաջանում, թե ինչու Հայաստանի իշխանություններն իրենք մինչև հիմա քաղաքացիներին չեն ասել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ կարող են ակնկալել հայաստանցիները իրենց կյանքի ոլորտներում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերության խորացումից և Ասոցացումից:
Այս ամենից բացի, սակայն, հետաքրքրական է, թե իսկ ինչ է փոխվելու Եվրամիության հետ Ասոցացման արդյունքում իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի, այսպես ասած, գործադիր «վերխուշկան» ներկայացնողների կյանքում: Կամ, այսպես ասենք՝ Եվրամիության հետ ասոցիացիայից հետո նրանց կյանքում որևէ բան փոխվելո՞ւ է, և եթե այո, ապա դեպի որ կողմ: Հետաքրքիր կլիներ իմանալ` Սերժ Սարգսյանն, օրինակ, պատմելով Մոլդովայից, ՀՀԿ-ականներին ներկայացրե՞լ է նրանց կյանքում սպասվող փոփոխությունները:
Վերջին հաշվով, ասենք` Գալուստ Սահակյանի, կամ նրա պետպաշտոնյա որդու՝ որը կառավարում է պետական գույքը, կամ նրանց քեռու՝ Բուռնաշի, կամ մյուս կարկառուն մականունավոր, օլիգարխ, թաղային և քրեական հեղինակություն ՀՀԿ-ականների՝ Հովիկ Աբրահամյանի, թոխմախի մհերների և լիսկաների, մյուսների կյանքում տեղի ունենալիք փոփոխությունները արդեն իսկ կարող են մեծ փոփոխություն լինել ամեն մի հայաստանցու համար: Իսկ քանի որ նրանք քիչ են, միգուցե արժե սկսել նրանց կյանքի հավանական փոփոխություններին ծանոթացնելուց, և եթե հետո հասարակության մոտ հարցեր մնան, նոր միայն արդեն կարելի է այլ փոփոխություններ էլ ներկայացնել:
Ասենք` շարունակելո՞ւ են արդյոք ՀՀԿ-ականները տնօրինել հայաստանյան բիզնեսի ճնշող մեծամասնությունը, երբ Հայաստանն Ասոցացման համաձայնագիր ստորագրի Եվրամիության հետ: Շարունակելո՞ւ են արդյոք նրանք իրենց իշխանությունը ծառայեցնել կենցաղից մինչև արդարադատություն արտոնյալ պայմաններում ապրելու համար, հարստանալու համար, պետության ռեսուրսները սեփական գրպանի պարունակության վերածելու համար: Նրանց և տարբեր այլ կուսակցությունների և անկուսակցականների դրոշի ներքո ծվարած իրենց տեսակի կյանքը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ փոփոխությունը նրանց պատասխանատու դարձնելո՞ւ է օրենքի առաջ, թե՞ նրանք շարունակելու են օրենք համարել իրենց «ախպերությունը» և առաջնորդվել այդ Սահմանադրությամբ: Հայաստանի Հանրապետության թեկուզ ոչ այնքան լավ Սահմանադրությունը այդ մարդկանց կյանքում տեղ ունենալու՞ է, թե՞ ոչ:
Ի՞նչ կասի Սերժ Սարգսյանը այս կապակցությամբ նրանց և հասարակությանը: Ընդ որում` ընդհանրական ելույթներով չէ, այլ կոնկրետ, մեկ առ մեկ, բոլոր այն դրվագներով, որ կարկառուն ՀՀԿ-ականների արտոնյալ ու արքայավայել կյանքի մասին գրում են լրատվամիջոցները, ինչը, սակայն, մնում է անպատասխան: Եթե Եվրոպայի հետ հարաբերությունները խորանան, այսօր ինքնապաշտպանության մոտիվներով արդարացման գնացող Լիսկայի գործը վերանայվելո՞ւ է, թե՞ ոչ: Լֆիկ Սամոն շարունակելո՞ւ է քանդել ու վերցնել ամեն ինչ, ինչի վրա որ մատը կդնի, թե՞ ոչ: Կարելի է մեկ առ մեկ թվարկել իշխանական վերնախավի հանցագործությունները և հարցնել՝ այդ ամենից ինչ-որ բան փոխվելո՞ւ է, ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞վ, ի՞նչ կապ է ունենալու այստեղ Եվրոպան: Եվ վերջապես` ընտրությունը կեղծելու և անպատիժ մնալու ավանդույթը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ:
Հավատացնում ենք, սրանք Հայաստանի շարքային քաղաքացիների կյանքի համար շատ ավելի կարևոր փոփոխություններ են, քան եթե ինչ-որ մեկը նստի բուխարիկի դիմաց ու նրանց պատմի վարդագույն հեռանկարներ եվրաչափանիշներից, այն դեպքում, երբ հետո դրանք չեն իրականանալու Հայաստանի քրեաօլիգարխիկ չափանիշների հետևանքով, իսկ հիասթափություն հասարակությունն ապրելու է Եվրոպայից` արձանագրելով, որ Եվրոպան էլ չփոխեց այս մարդկանց: Ի դեպ, հասարակության հետ այս մասին անկեղծ խոսելու մասին կարող է մտածել նաև Եվրոպան, որովհետև այստեղ սեղանին նաև Եվրոպայի հեղինակության հարցն է լրջորեն դրված: Ակնկալել, որ Սերժ Սարգսյանը կոնկրետ, անուն առ անուն կամ կոնկրետ օրինակներով կխոսի ՀՀԿ-ականների կյանքում լինելիք փոփոխությունների մասին, միամտություն է: Բայց Սերժ Սարգսյանն, իհարկե, հեղինակության անկման խնդիր չունի, այն առանց այդ էլ ցածր է: Իսկ ահա Եվրոպան Հայաստանում դեռ ունի հեղինակություն և պետք է հոգատար լինել դրա հանդեպ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































