Թայլանդի շատ շրջաններում անցկացվել են հակակառավարական ցույցեր՝ ի նշան բողոքի կառավարության չգոհացնող աշխատանքի դեմ, որը հանգեցրել է գնաճի և կյանքի որակի նվազեցման: Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Հազարավոր ցուցարարներ հանրահավաք են անցկացրել մայրաքաղաք Բանգկոկի Լյումպինի այգու մոտ: Հանրահավաքի մասնակիցների դեմքերին սպիտակ դիմակներ են եղել:
Շատ ցուցարարներ հույս են հայտնել, որ կառավարությունը կբարելավի արդարադատության համակարգը, վերահսկման մեխանիզմները, պետծառայողների համակարգն ու այլ ոլորտներ, ինչպես նաև կպատժի կոռուպցիայով զբաղվողներին, կվերացնի աղքատությունն ու կբարձրացնի կյանքի որակը:
Հանրահավաքի կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ տարբեր մասշտաբների և տարբեր ձևաչափերի հակակառավարական հանրահավաքներ են անցկացվել երկրի ավելի քան 40 մարզերում:












































