Ախալքալաքում «Վրացական երազանք» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորների մասնակցությամբ աղմկահարույց ընդհարում է տեղի ունեցել:
Rustavi2-ը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ներկայությամբ: Վարչապետը երկու կողմերին ուղղված հորդորից հետո թողել է հանդիպման վայրը:
Վարչապետի ներկայացրած «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը ելույթ է ունեցել բնակիչների առջև՝ խոսելով կուսակցության պատմության մասին: Ինչից հետո անկախ պատգամավոր Սամվել Պետրոսյանի և նրա միջև բանավեճ է սկսվել:
Ընդհարվող կողմերին խոսք է ուղղել Վրաստանի վարչապետը. «Այն, ինչ դուք եք անում, ապակայունացում է, իրադարձություններից առաջ մի ընկեք: Մեկ անգամ ևս կրկնում եմ` Ախալքալաքը կունենա ներկայացուցիչ: Նախ և առաջ հարգեք ինքներդ ձեզ, հետո ուրիշին»,- ասել է վարչապետը:
Այնուհետև կատարվածի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել պատգամավոր Սամվել Պետրոսյանը. «Նրանք ներկայացնում են այնպիսի թեկնածուի, որը ոչինչ չի արել Ախալքալաքի համար: Դա զայրացնում է»: Սամվել Պետրոսյանն ու նրա աջակիցները՝ թվով 200 մարդ, հեռացել են հավաքի վայրից:
Հավաքված բազմության միջից կոչեր են հնչել Հենզել Մկոյանի հասցեին. «Դավաճան ես»: Նշենք, որ Հենզել Մկոյանը նախկինում իշխանությունը ներկայացնող «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչն էր:











































