Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում բնակիչները դասական երաժշտության բացօթյա համերգ են ունկնդրել «Հայաստանի ձայներ» լարային քառյակի կատարմամբ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ավան վարչական շրջանում դասական երաժշտության բացօթյա համերգները, ինչպես նաև կինոդիտումներն ու պարարվեստի համույթների ելույթները, ներառված են «Ուրախ ամառ» բակային միջոցառումների ծրագրում։
«Հայաստանի ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավար Ստեֆանի Քոչարյանի խոսքով՝ նախադեպը չունեցող այսպիսի ելույթի համար ծրագիրը կազմել են հայ և արևմտաեվրոպական դասականների ամենահայտնի ստեղծագործություններից։ Ծրագրում ընդգրկված էր նաև կոմիտասյան և ժողովրդական երգերի դասական այլ մշակումներ։





































