Էկոլոգիական Հասարակական դաշինքը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված նամակ է տարածել:
Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո դեսպան ԱՄՆ պետքարտուղարության 2012 թվականի «Ժողավրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքային բյուրո մարդու իրավունքների» զեկույցի 4-րդ` «Պաշտոնեական կոռուպցիա և կառավարման թափանցիկության բացակայություն» մասում նշված է «Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի դեմ օտարերկրյա դատարանը սահմանել էր տուգանք 37,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Գլոբալ Գոլդ Մայնինգ ընկերությունից կաշառք պահանջելու համար:
Տարեվերջի դրությամբ Այվազյանը շարունակում էր զբաղեցնել Ազգային ժողովի իր պաշտոնը և հաղորդված կոռուպցիայի փաստով քննություն չէր սկսվել», իսկ Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված հոդվածներից տեղեկացել ենք, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոնում Հայաստանի Հանրապետության դեմ հարուցված արբիտրաժային հայցի դատաքաննության ընթացքում իրականացված բանակցությունների արդյունքում 2008թ. փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության և «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի միջև կնքվել է հաշտության Համաձայնագիր:
Վերը նշված երկու գործերն էլ հարուցվել են Ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից և ըստ էության փոխշաղկապված գործեր են, որոնք նաև վկայում են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանի կողմից կոռուպցիոն գործարքում ներգրավված լինելու մասին:
Հաշվի առնելով Ձեր մեծ ավանդը մեր երկրում ժողովրդավարության և տեղեկատվության ազատության կայացման գործընթացներին, հայցում ենք Ձեր օգնությունն ու միջամտությունը Վարդան Այվազյանի նկատմամբ 37,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով տուգանք սահմանելու մասին ԱՄՆ դատարանի որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի միջև կնքված հաշտության համաձայնագրի պատճենները ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոնից ստանալու գործում:
Հարգանքով` Էկոլոգիական Հասարակական դաշինքի համակարգող Ս.Ադամյան»:








































