«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում՝ արտամրցութային ծրագրում, այսօր «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսորներ Գոռ և Մուշեղ Բաղդասարյանների «Ճանապարհ. Հնդկաստան» (Hit The Road India, 2013) ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էին ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, գլխավոր դերակատարները:
Հայկական արտադրության վավերագրական ֆիլմը 2 ամերիկացի ընկերների մասին է, որոնք Հնդկաստանում մասնակցում են ռիկշաների ամենամյա 12-օրյա մրցարշավին՝ հաղթահարելով 2000 կմ ճանապարհ, աներևակայելի դժվարություններ, և այդ օրերին իրենց ու հանդիսատեսի համար նորովի են բացահայտում Հնդկաստանը: Ի դեպ, մրցարշավը ճանաչվել է աշխարհի 10 ամենավտանգավոր արկածներից մեկը:
«Սա երևի մեր արած ամենաբարդ ու ամենածավալուն ֆիլմն էր: Իրական ֆիլմ էր, ոչ մի բեմականացում չկար, ֆիլմի հերոսները ուղղակի մասնակցում էին մրցարշավին, մենք նրանց հետ նախապես պայմանավորվել էինք, որ նրանց հետևելու ենք այս ընթացքում»,- ասաց Գ. Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ֆիլմում հանդես եկող մարդկանց, ապա վերջինս նշեց, որ նրանք սովորական մարդիկ են, դերասաններ չեն, պարզապես ուզում էին մասնակցել այդ մրցարշավին:
Ֆիլմի հերոսներից մեկը անշարժ գույքի գործակալ Ղազարյան Ռիկն է, որը չնայած հայկական ծագմանը՝ ծնվել ու մեծացել է Ամերիկայում, մյուսը կանադացի, մասնագիտությամբ խոհարար Քիթ Քինգն է:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գոռ Բաղդասարյանը, իրենք որոշել էին ֆիլմը ցուցադրել Հայաստանում հենց այս կինոփառատոնում: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել անցած տարվա ամռանը, սակայն, ինչպես նշեց Գոռ Բաղդասարյանը, նախապատրաստական աշխատանքները տևել են 2 տարի՝ 1 տարի նախապատրաստական, 1 տարի՝ հետարտադրական:
«Իհարկե, տարբեր փուլերում տարբեր մարդկանց ենք ներգրավել՝ երաժիշտներ, հնչյունային ռեժիսորներ, բայց նկարահանումները, պրոդյուսերությունը արել ենք ես ու եղբայրս»,- նշեց Գ. Բաղդասարյանը:
Գոռ Բաղդասարյանը ֆիլմեր սկսել է նկարել 14 տարեկանից, արժանացել է մի շարք միջազգային մրցանակների: Նկարել է «Ճաշի ժամ» (2006, կ/մ), «Թղթե այգին» (2008, կ/մ), «Ջուրը» (2008, կ/մ), «Երրորդ ձիավորը» (2008), «Լեռը շարժելով» (2010, կ/մ), «Հարևանները» (2011), «Ճանապարհ. Հնդկաստան» (2013):








































